Չինական ընկերություններն զգալի օգուտով Եվրոպա են ուղարկում ամերիկյան հեղուկացված բնական գազով տանկերներ և օգնում են մայրցամաքի երկրներին՝ համալրել դրա պաշարները ձմռան նախաշեմին: Նման պնդմամբ երկուշաբթի հանդես է եկել The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ծովային փոխադրումների պորտալների տվյալները և ոլորտի երեք աղբյուր։
Նրանց տեղեկություններով՝ Չինաստանի ներսում գազի պահանջարկի կրճատման պատճառով տեղական ընկերությունները, որոնք ԱՄՆ-ի հետ երկարաժամկետ պայմանագրեր են կնքել LNG-ի գնման համար, վաճառում են հումքի ավելցուկները՝ յուրաքանչյուր նման մատակարարման վրա վաստակելով հարյուր միլիոնավոր դոլարներ: Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների ընթացքում Չինաստանի նավահանգիստներում կայանվել են միայն 19 LNG նավեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 133 նավի համեմատությամբ, այսինքն՝ դրանց զգալի մասը վերաուղղորդվել է Եվրոպայի երկրներ, ինչպես նաև Ճապոնիա և Հարավային Կորեա: