Գերմանիան վճռականորեն աջակցում է Ուկրաինային և նրա նախագահ Վլադիմիր Զելենսկուն, սակայն ստիպված է խոստովանել, որ սխալ էր Կիևում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին չընդունելը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, տնտեսական հարցերով նախարար Ռոբերտ Հաբեկը։ «Դաշնային նախագահը պարզապես մասնավոր անձ չէ, դաշնային նախագահը Գերմանիան է: Եվ, հետևաբար, նախագահ Զելենսկու մերժումը նախագահին՝ Գերմանիայի մերժումն է»,- ասել է Հաբեկը՝ հինգշաբթի օրը «Funke» թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ես հիացած եմ և մեծ հարգանքով եմ վերաբերում այն ամենին, ինչ անում են ուկրաինացիները և նախագահ Զելենսկին ներկա իրավիճակում»,- ասել է նա։ «Սակայն այս որոշումը սխալ էր։ Ցավոք, ուկրաինական կողմը դիվանագիտական սխալ թույլ տվեց»,- հավելել է փոխկանցլերը։ Գերմանական «Bild» պարբերականը ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հրաժարվել է ընդունել իր գերմանացի գործընկեր Շտայնմայերին։ Կիևում համարել են, որ Գերմանիայի ղեկավարը չափազանց մեղմ է Ռուսաստանի նկատմամբ։
Գերմանիայում Զելենսկու որոշումը վրդովմունք առաջացրեց և արժանացավ տարբեր կուսակցությունների և գործիչների սուր քննադատությանը։