Միջազգային

Գերմանիայի նախագահի փոխարեն Կիև է հրավիրվել կանցլեր Օլաֆ Շոլցը

Գերմանիայի նախագահի փոխարեն Կիև է հրավիրվել կանցլեր Օլաֆ Շոլցը

Այն բանից հետո, երբ Ուկրաինայի իշխանությունները մերժեցին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցը Ուկրաինա, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հրավիրվեց Կիև. «Մենք հայտնել ենք, որ մեր նախագահը և կառավարությունը շատ ուրախ կլինեն, եթե կանցլեր Օլաֆ Շոլցն այցելի Կիև»,- երեքշաբթի օրը՝ ապրիլի 12-ին, գերմանական ProSieben հեռուստաալիքի եթերում ասել է Բեռլինում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը։

Ուկրաինացի դիվանագետի խոսքով՝ այցի գլխավոր թեման պետք է լինի Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարումը՝ ռուսական ագրեսիան հետ մղելու համար։ «Մեր նախագահը անհամբեր սպասում է դրան», - հավելել է Մելնիկը։

Ավելի վաղ Վարշավայում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ Կիևի ղեկավարությունը մերժել է իր այցը Ուկրաինա։ Գերմանացի գործչի խոսքով՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան իրեն առաջարկել է՝ Բալթյան երկրների իր գործընկերների հետ այցելել Ուկրաինայի մայրաքաղաք։ «Ես պատրաստ էի դա անել, սակայն, ակնհայտորեն, Կիևը չի ցանկանում դա, և ես դա պետք է հաշվի առնեմ»,- ասել է Գերմանիայի նախագահը:

Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկն անցած շաբաթվա վերջին հստակեցրեց, որ Կիևն ավելի շատ սպասում էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի այցին, քան՝ Շտայնմայերի: Մելնիկը սուր քննադատության է ենթարկել դաշնային նախագահին և մեղադրել նրան «Ռուսաստանի հետ տասնամյակներ շարունակ շփումների ցանց հյուսելու մեջ»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական