Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը հերթական անգամ դժգոհություն է հայտնել ԳԴՀ-ի կողմից Կիևին տրամադրվող ռազմական օգնության ծավալից՝ նշելով, որ ծանր զենքերը Ուկրաինային անհրաժեշտ սպառազինությունների ցանկում չկան։
Մելնիկը, երեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով ZDF հեռուստաալիքի եթերում, անդրադարձել է զենքի հնարավոր մատակարարումների ցանկին, որոնք Ուկրաինան մի քանի շաբաթ առաջ ստացել է Գերմանիայից. խնդիրն, ըստ նրա, այն է, որ ցուցակում ծանր սպառազինություն չկա։ «Այն սպառազինությունները, որոնք մեզ անհրաժեշտ են, չկան այս ցանկում»,- ասել է դեսպանը։
Միաժամանակ, Մելնիկն ընդգծել է, որ Բունդեսվերը (գերմանական ԶՈՒ) ունակ է Կիևին մատակարարել անհրաժեշտ սպառազինությունը։ Որպես օրինակ՝ դիվանագետը նշել է «Marder» հետևակի մարտական մեքենան։ «Մեր տվյալներով՝ Բունդեսվերում ավելի քան 400 մեքենա կա, և դրանց միայն մի փոքր մասն է ներգրավված առաքելություններում»,- ասել է Մելնիկը։ Գերմանական ռազմական արդյունաբերությունը, նրա կարծիքով, կարող է լրացնել այդ մեքենաները մի քանի շաբաթվա ընթացքում։ Ուկրաինան դեռ հույս ունի, որ այդ զինատեսակները, հնարավոր է, շուտ ուղարկվեն։