Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարծում է, որ միջազգային պատժամիջոցները շրջանցելով Ռուսաստան ապրանքների մատակարարման երթուղի ստեղծելու՝ Կիևի մեղադրանքներից հետո առաջիկա օրերին Վրաստանի դեմ ապատեղեկատվության և սադրիչ արշավի նոր ալիք կսկսվի։
«Ապատեղեկատվության և սադրանքների նոր ալիքը ուղղված է լինելու Վրաստանում անկարգություններ առաջացնելուն և Վրաստանի տարածքում երկրորդ ճակատ բացելուն: Դրա համար հող է նախապատրաստվում, և, ըստ ամենայնի, մեր բարեկամ Ուկրաինայի ղեկավարների վերջին հայտարարությունները մաս են կազմում այս քարոզարշավի»,- չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն։
Ավելի վաղ Կիևում, հղում անելով ուկրաինական հետախուզությանը, տեղեկություն էր տարածվել, որ Վրաստանի տարածքով մաքսանենգ ապրանքներ (այդ թվում՝ ռազմամթերք) են առաքվում Ռուսաստան՝ շրջանցելով միջազգային պատժամիջոցները։