Քաղաքական

«Ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններ են գործում ընդդեմ Հայաստանի»․ քաղաքագետ

«Ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններ են գործում ընդդեմ Հայաստանի»․ քաղաքագետ

Երեկ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ ռուս խաղաղապահները պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ: Ավելի վաղը ադրբեջանցիները անցել էին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ, որը գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցեց քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։

- Ռուս խաղաղապահների վերջին գործողություններն ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Ակնհայտ է, որ Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշումներ է գործադրում տարբեր հարցերում, և դա շատ հաճախ կրում է շանտաժային բնույթ։ Արցախում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ պատգամավորների մուտքի արգելումը Արցախ, հենց այդ շարքից է, և ակնհայտ է, որ ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններ են հաճախ գործում՝ ընդդեմ Հայաստանի։ Ալիևը երեկ հայտարարեց, որ Փառուխի այդ դիրքերի գրավումը նպատակ ունի ավելի ուժեղացնել իրենց դիրքերը, քանի որ դրանցից ադրբեջանական շատ տարածքներ են վերահսկվում, իսկ ռուսական կողմի հետ նրանք հանգիստ պայմանավորվեցին և հասան նրան, որ անարգել կարողացան այդ դիրքերը վերցնել վերահսկողության տակ։

- Նշեցիք, որ Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշումներ է գործադրում։ Ի՞նչ նպատակ ունի դա։

- Մի քանի նպատակ։ Նախ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքի։ Ռուսաստանը նպատակ ունի Ադրբեջանին ներառել իր կողմից ստեղծված միությունների մեջ՝ ռազմակաքաղաքական և տնտեսական՝ ԵՏՄ, ՀԱՊԿ և, հնարավոր է, նաև Ռուսաստան-Բելառուս, և հենց դրանով էր պայմանավորված ռուսական կողմի ակնհայտ չեզոքությունը 44-օրյա պատերազմում։ Ակնհայտ է, որ Ալիևը պայմանավորվել էր Ռուսաստանի հետ և դրա դիմաց ինչ-որ բաներ պետք է վճարի Ռուսաստանին։ Իմ խորին համոզմամբ՝ դա լինելու է Ռուսաստանի հետ սերտ ինտեգրումը Ռուսաստանի գլխավորած  ռազմաքաղաքական և տնտեսական բլոկների մեջ՝ Ադրբեջանի ներառմամբ։ Քանի որ միությունների մեջ, սովորաբար, անդամակցող պետությունները պետք է ունենան միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ, ստեղծված պայմաններում Ադրբեջանը ևս մեկ պայման է դնում Ռուսաստանի առաջ, որ պատրաստ է մտնել այդ միություններ՝ ՀԱՊԿ, ԵՏՄ, բայց այն պայմանով, որ Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը, խաղաղության պայմանագիր ստորագրի, և դրանից հետո միայն դիվանագիտական հարաբերություներ կհաստատվեն։  

- Այդ դեպքում հնարավո՞ր է նման իրավիճակում խաղաղության պայմանագիր ստորագրել։

- Խաղաղության պայմանագիր կնքելու համար լավ պայմաններ պետք է լինեն պետությունների միջև, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը արհեստականորեն վախի, շանտաժի մթնոլորտ սերմանելով է փորձում հասնել դրան։ Միջազգային իրավունքի տեսանկյունից՝ դա խնդրահարույց է, բայց այդպիսի բազմաթիվ դեպքեր էլ կան համաշխարհային պատմության, միջազգային հարաբերությունների մեջ, երբ պետությունները շանտաժ, վախ սերմանելու միջոցով հասել են ցանկալի արդյունքի։

- Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 3+3 ձևաչափը տարածաշրջանի համար արդյունավետ է։ Արդյո՞ք դա այդպես է։

- 3+3 ձևաչափը տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրների համար գործակցության հարթակ է, որը իրականում որևէ լուրջ հարց չի լուծում, ընդամենը ֆորմալ բնույթ է կրում։ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան փորձում են ամեն կերպ Արևմուտքին դուրս մղել այս տարածաշրջանից։ Այդ երեք երկրների շահերը այդ առումով համընկնում են, և այդ երկրները նույն ոգով, նույն շահերից ելնելով ամեն ինչ անում են, որ Արևմուտքը դուրս գա տարածաշրջանից։ Հիմա էլ ուզում են, որ նույնը Հայաստանն անի։ Արևմուտքը, ճիշտ է, այս պահին ամբողջովին իր ուշադրությունը սևեռել է Ուկրաինայի վրա, բայց այնպես էլ չէ, որ Հարավային Կովկասը դուրս է մղել ուշադրությունից։ Վստահ եմ՝ Ուկրաինայի խնդիրները լուծելուց հետո Հարավային Կովկասին է լուրջ ուշադրություն դարձնելու։ Եվ պատահական չէ, որ Վրաստանը որևէ կերպ չի ներառվում այդ 3+3 ձևաչափի մեջ, և դրա համար այդ ձևաչափը ընդամենը ֆորմալ բնույթ է կրում, ոչ մի լուրջ հարց չի լուծելու։ Ես չէի ասի, որ դա շահեկան է Հայաստանի համար, բայց նաև չէի ասի, թե այս հարթակին մասնակցելով ինչ-որ բան ենք կորցնում։ Ոչ մի հարց չլուծող հարթակ է։ Պետությունները հանդիպում են, հարցեր են քննարկում, բայց, ոչ ավելին։ 

- Իսկ ստեղծված իրավիճակում ինչքանո՞վ եք արդյունավետ համարում ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը։

- Շատ բարդ է, իհարկե։ ԵԱՀԿ Մինսկի խումբը այս պահին, փաստորեն, դե ֆակտո չի գործում, բայց նաև այնպես չէ, որ լուծարվել է։ Պարզապես Արևմուտքը և Ռուսաստանը, Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված, թշնամական հարաբերությունների մեջ են, միմյանց հետ չեն համագործակցում որևէ հարթակում։ Երբ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի, վստահ եմ, կողմերը փորձելու են շփման եզրեր գտնել, և այդ հարթակներից մեկը լինելու է ԵԱՀԿ Մինսկի խումը, այնտեղ կփորձեն գործակցել։ Բայց, իհարկե, ցավալի է մեզ համար, որ այս պահին Մինսկի խումբը չի գործում։ Հուսանք՝ ժամանակավոր է։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական