Խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ սկսելու՝ Ադրբեջանի առաջարկին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։ Վերջիններս դեռ չեն արձագանքել, սակայն մեկնաբանություններ հնչել են համանախագահ երեք երկրների ԱԳ նախարարություններից՝ առանձին-առանձին։
ՌԴ-ն վերահաստատել է համակողմանի աջակցությունը բանակցային գործընթացին, ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին` հասնելու բոլոր խնդիրների համապարփակ լուծմանը, իսկ Ֆրանսիան նշել է, որ աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին:
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում՝ դեռ 2020-ի արցախյան պատերազմից հետո, հետևաբար, Մինսկի խմբի արդյունավետության մասին խոսելու որևէ հիմք չկա։
Radar Armenia-ի հետ զրույցում փորձագետը նշեց. «Այն, ինչ տեսնում ենք 2022-ի փետրվարի 24-ից՝ ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից, էլ ավելի է բարդացնում և գրեթե նվազագույնի հասցնում Մինսկի խմբի շրջանակում որևէ արդյունավետ, ռացիոնալ քննարկման ցանկացած հնարավորություն։ Դրա հավանականությունը չափազանց ցածր էր դեռ մինչև 2022-ի փետրվարի 24-ը»։
Հարցին, թե ինչու է ՀՀ-ն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցով դիմել Մինսկի խմբին, երբ վերջինս մանդատ ուներ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցով, Պողոսյանը պատասխանեց՝ իր համար միակ ռացիոնալ բացատրությունն այն է, որ ՀՀ-ն ցանկանում է հնարավորինս ժամանակ շահել, որ խուսափի Ադրբեջանի պայմաններով բանակցելուց. «ՀՀ-ն, ԵԱՀԿ Մինսկի խմբին այս գործընթացում ներառելով, փորձում է ժամանակ շահել՝ շատ լավ հասկանալով, որ այդ ձևաչափն այժմ գործունակ չէ, հետևաբար, եթե հայտարարում ես, որ պատրաստ ես Ադրբեջանի հետ բանակցությունների և դրա համար դիմում ես Մինսկի խմբի միջնորդությանը (որը, օբյեկտիվորեն, լինել չի կարող), անուղղակիորեն հայտարարում ես, որ բանակցություններ չես վարի։ Հետո էլ կարող ես պնդել, թե դա քո մեղքը չէ, դու պատրաստ ես բանակցությունների, բայց՝ Մինսկի խմբի հովանու ներքո, և եթե այժմ արդյունավետ աշխատանք հնարավոր չէ, դրանում ՀՀ-ին ոչ ոքի մեղադրել չի կարող»։
Անդրադառնալով տեսակետին, թե ՌԴ-Արևմուտք հակամարտության համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է լինել հարթակ, որտեղ նրանց միջև շահերի համընկնում կա, Պողոսյանն արձագանքեց՝ դեռևս 2014-ի Ուկրաինայի ճգնաժամից հետո այդ տեսակետը շրջանառվում էր, սակայն այժմ այլևս տրամաբանություն չունի։
Պողոսյանն ընդգծեց, որ 2020-ի պատերազմից հետո համանախագահները ձեռնամուխ չեղան ներկայացնել նոր առաջարկներ, որոնք կարող էին արտացոլել պատերազմից հետո ստեղծված իրավիճակը. «Բոլոր այն առաջարկները, որ Մինսկի խումը մշակել էր վերջին տարիներին՝ մինչև 2020-ի պատերազմը, դարձան անիմաստ պատերազմից հետո, քանի որ իրականության հետ կապ չունեին և չէին կարող կիրառվել։ Առաջարկների նոր փաթեթ էլ չեն մշակել, որն արտացոլում է 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո առկա իրավիճակը»։
Քաղաքագետը հիշեցրեց, որ մինչև 2021-ի ապրիլը Մինսկի խմբի հայտարարություններում շեշտվում էր, որ հակամարտությունը պետք է լուծել՝ հենվելով նախկինում մշակված և կողմերին հայտնի սկզբունքների վրա, սակայն, ըստ փորձագետի, բոլորին էր պարզ, որ դա ուղղակի հնարավոր չէր։
Հարցին՝ արցախյան հիմնախնդիրն ի՞նչ ձևաչափում պետք է քննարկվի, եթե Մինսկի խումբը գործնականում գոյություն չունի, Պողոսյանը նշեց, որ պարզ չէ, թե ինչ է ասում ՀՀ-ն՝ «արցախյան հիմնախնդիր» ասելով. «Եթե ՀՀ դիրքորոշումն այն է, որ Արցախյան հիմնախնդիրը տարածքների խնդիր չէ, այլ Արցախում բնակվող հայերի իրավունքների պաշտպանության հարց, ապա կարելի է քննարկել երկկողմ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև»։
Մարիամ Սարգսյան