ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ հարցին, թե ռուս-ուկրաինական ճգնաժամի պայմաններում, երբ ՌԴ-Արևմուտք հարաբերությունները լարված են, ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի՞ զբաղվել ԼՂ հակամարտության կամ Հայաստան-Ադրբեջան հարբերությունների կարգավորման հարցով։
«Ուկրաինայում ռազմական գործողությունները կտրուկ բարդացրել են Մինսկի խմբի աշխատանքները, ընդհուպ մինչև՝ համատեղ քննարկումների մակարդակի, բայց նաև, ելնելով կոնկրետ ազդակներից և ուղերձներից, որ ես եմ ստացել և՛ համանախագահ երկրներից, և՛ այլ երկրներից, ուզում եմ վերահաստատել, որ միջազգային հանրությունը շարունակում է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, և սա բավականին հուսադրող է»։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություների կարգավորմանն ու խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված քայլերին՝ Միրզոյանը նշեց, որ Մինսկի խմբի համանախագահողներից տեղեկացել են, որ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ առաջարկները փոխանցվել են Բաքվին։ Ըստ Միրզոյանի՝ այնտեղից դեռևս պատասխան չկա։
Նախարարն ընդգծեց, որ հայկական կողմի առաջարկների մեխերից մեկն այն է, որ շարունակում է սկզբունքային մնալ ԼՂ հայության իրավունքների և կարգավիճակի հարցը. «Հնարավոր չէ որևէ օրակարգ անվանել ամբողջական, քանի դեռ այդ հարցը ևս այնտեղ չի քննարկվում»։