Ռուս-ուկրաինական հակամարտության ներկա փուլի, հնարավոր զարգացումների և բանակցությունների վերաբերյալ Radar Armenia-ն զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ։ Վերջինիս դիտարկմամբ՝ բանակցային գործընթացում որոշակի առաջընթաց կա։
- Պրն Քեռյան, ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծումը տեսանելի՞ է։ Ի՞նչ ուղերձներ են հղում կողմերը։
- Հակամարտության բանակցային գործընթացում որոշակի առաջընթաց կարելի է նկատել, բայց՝ շատ աննշան։ Հակամարտության սկզբնական շրջանում ուկրաինական կողմը հայտարարում էր, թե կարող են բանակցություններ լինել միայն Ուկրաինայի ողջ տարածքից (ներառյալ՝ Ղրիմը) ռուսական զորքերի հեռանալուց, տարածքային ամբողջականության վերականգնումից հետո, իսկ ռուսական կողմը պնդում էր, որ բանակցություններ կարող են լինել միմիայն Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման և Ուկրաինայի չեզոք կարգավիճակի դեպքում։ Այդ ժամանակ պարզ էր, որ ոչ մի առաջընթաց, նման դիրքորոշումների դեպքում, չէր կարող լինել։
Առաջին երկու հանդիպումները, ըստ էության, տապալվեցին։ Եվս երկու հանդիպումներ են կայացել, հետո՝ նաև հեռավար, որոնց ընթացքն ընդհանրապես չի լուսաբանվում, չի ներկայացվում, թե ինչ հարցեր են քննարկվել, բայց թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական կողմից եղել են պաշտոնական հայտարարություններ, որ զգալիորեն մերձեցել են դիրքորոշումները։ Հավանաբար, ինչ-որ փոխզիջումային տարրեր գտնվել են։
Օրինակ, Զելենսկու այն հայտարարությունը, որ հնարավոր են բանակցություններ՝ նաև Ղրիմի, Դոնբասի և Լուգանսկի վերաբերյալ, այդ տրամաբանության շրջանակում է։
Իհարկե, չի շեշտվել՝ կոնկրետ ինչ քննարկումներ, բայց փաստ է, որ Զելենսկին հնարավոր է համարել այդ տարածքների վերաբերյալ բանակցությունները։ Ամենամեծ առաջընթացն այն է, որ ուկրաինական կողմն, արդեն մի քանի օր է, շեշտում է, որ, քանի որ իր անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է, Ուկրաինան կարող է, իր տարածքային ամբողջականության վերականգնումից հետո, ընդունել չեզոք պետության կարգավիճակ։ Այսինքն, կարծես այդ մի պայմանն էլ է արդեն ընդունել։
Ամեն դեպքում, քանի դեռ չկա փաստաթուղթ, որը կհրապարակվի, ու կողմերը կհայտարարեն, որ դրա շուրջ կարող են բանակցել, էական առաջընթացի սպասել չենք կարող։
- Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ բանակցություններում պետք է գտնել այնպիսի մոդել, որով չեն տուժի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նման մոդելի հավանականություն այս փուլում առկա՞ է։
- Կան մի քանի տարբերակներ, եթե ուկրաինական կողմում լինեն մի քիչ հեռատես գործիչներ։ Կարելի է ընտրել, օրինակ, ուկրաինական պետության ֆեդերալիզացիայի սկզբունքը, որտեղ Լուգանսկը, Դոնեցկը կդառնան ֆեդերացիայի անդամ՝ լայն լիազորություններով, ու այդտեղ չի տարածվի Ուկրաինայի դատարանի, դատախազության և այլ ուժային կառույցների իշխանությունը։ Դա կլինի, եթե ուկրաինական քաղաքական էլիտան ամբիցիաներից հրաժարվի, այլևս չենթարկվի անդրծովյան թելադրանքին, մտածի իր բնակչության, երկրի ապագայի մասին։
- ՌԴ դեմ պատժամիջոցները շարունակվում են, պարբերաբար ավելանում են նորերը։ Ձեր կարծիքով՝ դրանք որքանո՞վ են նպաստում հակամարտության կարգավորմանը։
- Պատժամիջոցներն այն լծակն են, որով Արևմուտքը փորձում է վնասել ՌԴ-ին և ստիպել՝ գնալ զիջումների, բայց այդ որոշումն ընդունողները բավականին կարճատես են։ Մի բան պետք է հաշվի առնել՝ ՌԴ-ն նման լայնամասշտաբ օպերացիայի չէր կարող գնալ՝ հաշվի չառնելով նաև այդ պատժամիջոցները։ Ես չեմ հավատում, որ ՌԴ-ում պատերազմն սկսելուց առաջ չեն մտածել, որ կարող են կիրառվել պատժամիջոցներ։
Բնականաբար, մշակված են ինչ-որ մեխանիզմներ, որ երկիրը ինքնաբավ կարողանա գոյատևել՝ առանց դրսի հետ լուրջ առևտրաապրանքային փոխանակումների։
Երկրորդ՝ պատժամիջոցներն այսօր վնասում են ոչ միայն ՌԴ-ին, այլև՝ նրա տնտեսական գործընկեր երկրներին։ Օրինակ՝ Իսպանիայում մեծ բողոքի ալիք է հասունացել՝ բենզինի գնի բարձրացմամբ պայմանավորված, Նիդերլանդներում և Բելգիայում չկա անասնապահության համար անհրաժեշտ հումքը, որն ստացվում է ՌԴ-ից։ Հասունանում է լուրջ պարենային ճգնաժամ՝ ռուսական ու ուկրաինական ցորենի մատակարարման խնդիրներով պայմանավորված։ Գերմանիան մինչ օրս չի հաշտվում այն մտքի հետ, որ կարող է կտրվել ռուսական գազից, իսկ վերջինս դեռ մնում է այն լծակը, որով կարելի է Եվրոպային «խեղճացնել»։
Ասել, թե համաշխարհային պատմության մեջ պատժամիջոցները կարողացել են վայրկենաբար լուծել հարցը, անհիմն է։ Օրինակ, Իրանի նկատմամբ 1979-ից կիրառվում են մի քանի հազար պատժամիջոցներ։ Իրանը ոչ միայն գոյատևում է, այլև ռազմական տեխնոլոգիաներ է զարգացնում՝ Արևմուտքին հարվածելու համար։ ՍՍՀՄ-ը 70 տարի անընդհատ ենթարկվել է տարբեր տեսակի պատժամիջոցների։ Իհարկե, ես հակված չեմ այն կարծիքին, որ պատժամիջոցները չեն վնասում, դրանք հսկայական վնասներ են տալիս, բայց ՌԴ-ի նման խոշոր երկրին, որը համաշխարհային ուժային կենտրոն է և ունի էներգետիկ և այլ մեծ ռեսուրսներ, պատժամիջոցները կարող են վնասել, բայց չեն կարող ստիպել, որ արագ կերպով հակամարտությունը լուծվի։
Ավելի լուրջ առաջընթաց կլինի այն դեպքում, երբ Ուկրաինան կանգնի բացահայտ պարտության առջև։ Նմանատիպ ակցիա կարող է լինել, օրինակ, Օդեսայի կամ Կիևի գրավումը։ Դրանից հետո, կարծում եմ, Ուկրաինան կգնա ռուսական պահանջների ընդունմանը։
Մարիամ Սարգսյան