«Ռուս-ուկրաինական պատերազմը սպորտային խաղ չէ, որպեսզի մենք ունենանք ֆավորիտ թիմ։ Բոլորիս ցանկությունը պետք է լինի խաղաղության շուտափույթ հաստատումը». այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասել է պատմաբան-քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
- Ձեր ֆեյսբուքյան գրառմամբ կարծիք էիք հայտնել, ըստ որի՝ մոտ է պահը, երբ Կիևն ընդունելու է խաղաղության ռուսական պայմանը։ Ինչի՞ց եք այս եզրակացությանը եկել։
- Ես շատ ուշադիր հետևում եմ Ուկրաինայում ծավալվող գործողություններին։ Հաշվի առնելով Պուտին-Մակրոն, Պուտին-Էրդողան վերջին զրույցները՝ արդեն ակնհայտ է, որ օղակը սեղմվում է, այս շաբաթը շրջադարձային է լինելու։ Ուկրաինական բանակն ինչքան էլ կազմակերպված լինի, ինչքան էլ մենք գնահատենք Ուկրաինայի հասարակության արժանապատվությունն ու դիմադրողական ռեսուրսը, միևնույն է, ռեսուրսային առումով համադրելի չեն Ուկրաինայի և Ռուսաստանի ուժերը։ Իմ կանխատեսումը որևէ կապ չունի քաղաքական համակրությունների կամ հակակրություններին հետ, զուտ պրագմատիկ հաշվարկ է։
- Ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքներից դատելով՝ ի՞նչ եք կարծում՝ բանակցությունների երրորդ փուլում ի՞նչ արդյունք կունենանք։
- Դասական իմաստով՝ բանակցություններ չեն լինելու, որովհետև ռուսական կողմն այդ բանակցություններում ավելի կոշտ դիրքերից է հանդես գալու։ Շատ դժվար է լինելու պաշտոնական Կիևի ներկայացուցիչների համար՝ դիմակայել, որովհետև, ըստ էության, Խարկովն ու Մարիուպոլը պաշարված են, մի շարք բնակավայրեր հումանիտար աղետի առջև են կանգնած, պատերազմական գործողություններից բնակչությունը բերում է նոր զոհեր, նոր ավերածություններ, և ավելի է դժվարանում հրադադարի հաստատման հնարավորությունը՝ քիչ թե շատ ընդունելի պայմաններով։
- Ըստ Ձեզ՝ այս պատերազմում հաղթողը Ռուսաստանն է, իսկ Արևմուտքի շահը ինչպե՞ս եք դիտարկում։
- Ռուս-ուկրաինական պատերազմում անխուսափելիորեն հաղթելու է Ռուսաստանը՝ խնդիրը զուտ ռեսուրսային առավելությունն է։
Իսկ կոլեկտիվ Արևմուտք-Ռուսաստան հակադրությունը բազմաշերտ է, որը դեռ շատ երկար է շարունակվելու։ Ես չեմ տեսնում, որ Ռուսաստանն ունի շատ մեծ պոտենցիալ՝ երկար ժամանակ դիմակայելու աննախադեպ սանկցիաներին։ Այս հակադրությունը մեծ կապ չունի Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ, դա շատ ավելի գլոբալ հակադրություն է։ Սրա ելքն անկանխատեսելի է։
Ուկրաինան այդ հակադրության հարթակներից մեկն է, և ամենևին ուկրաինական ճակատով չի որոշվում Արևմուտք-Ռուսաստան հակադրության ելքը։
Պետք է ցավով արձանագրել, որ Ուկրաինայի իշխանության՝ անցած տարիների ոչ այնքան ադեկվատ քաղաքականության հետևանքով այդ երկիրը վճարեց մեծ գին, որի շնորհիվ սպասարկվեց Ռուսաստանի կայսերական օրակարգը, մյուս կողմից՝ աննախադեպ կոնսոլիդացիա տեղի ունեցավ Արևմուտքում։ Այսինքն, Արևմուտքի աննախադեպ կոնսոլիդացիայի և Մոսկվայի կայսերական օրակարգի սպասարկման համար, ըստ էության, վճարեց Ուկրաինայի հասարակությունն ու Ուկրաինան, որպես պետություն։
Ոսկեհատ Պողոսյան