«Ուկրաինական կողմի հույսը ՌԴ պարտությունն է պատժամիջոցների դաշտում, իսկ վերջինս փորձում է շատ արագ ավարտին հասցնել պատերազմը, որ ավելի նպաստավոր, շահեկան պայմաններում Ուկրաինային կապիտուլյացիայի ենթարկի»։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքին։
Վերջինս նշեց, որ, թեև այս պահին հումանիտար հրադադար է, ռազմական գործություններն արագ կվերսկսվեն՝ հավանաբար օրվա ընթացքում։ Վարդանյանը հիշեցրեց՝ երեկ նաև Թուրքիայի նախագահն է հայտարարել, որ տպավորություն ունի, որ «Պուտինը մինչև վերջ է գնալու». «Այժմ ՌԴ կողմից նահանջի նախանշաններ չեն զգացվում։ Նույնը նաև նկատվում է Ուկրաինայի գործողություններում. եթե պատերազմի սկզբի օրերին բավականին խճճված էր, անպատրաստ, ապա վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ ուկրաինական կողմը ներկայումս չի ուզում գնալ բանակցությունների, ժամանակ է շահում՝ կարծելով, որ դեռևս կարող է ավելի նպաստավոր պայմաններում գնալ բանակցությունների»։
Քաղաքագետի կարծիքով՝ այս պատերազմում ամենաշատ շահող կողմն Արևմուտքն է լինելու. «ՌԴ-ն ահռելի տնտեսական վնասներ է կրել։ Արևմուտքը ևս վնասներ կրում է, բայց, իհարկե, վերջինիս կրած վնասները, ՌԴ-ի վնասների հետ համեմատած, ավելի քիչ են։ Հավաքական Արևմուտքի տնտեսությունն այսօր կազմում է համաշխարհային տնտեսության 50%-ը, ՌԴ տնտեսությունը կազմում էր 1-2%-ը՝ մինչև պատերազմը, հիմա ավելի է թուլացել։ Բնականաբար, Արևմուտքը պատերազմը տանելու է տնտեսական դաշտում. ՌԴ հետ ռազմական դաշտում պատերազմելն իմաստ չունի»։ Ըստ նրա, ՌԴ-ն հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ։
Վարդանյանի դիտարկմամբ՝ ՌԴ-ի համար Արևմուտքի հետ «լեզու գտնելը» չափազանց բարդ է լինելու, և նախանշան չկա, որ պատերազմից հետո պատժամիջոցները միանգամից հանվելու են. «Ընդհակառակը, դրանք բավականին երկար մնալու են։ ՌԴ-ն Հյուսիսային Կորեայի նման պետություն է դառնալու՝ բոլոր կողմերից մեկուսացված և միայնակ»։
Այնուամենայնիվ, Վարդանյանի խոսքով, թեև պատժամիջոցները ՌԴ-ի համար այժմ շատ ծանր են, սակայն նավթի գների բարձրացումից այս պահին ՌԴ-ն կարողանում է օգտվել. «Սա ինչ-որ առումով փոխհատուցում է ՌԴ կրած վնասները, բայց հայտնի դարձավ, որ Արևմուտքը նաև այդ ուղղությամբ է լրջորեն մտածում։ ԱՄՆ Ներկակացուցիչների պալատի խոսնակը հայտարարեց, որ քննարկվում է ռուսական նավթի վրա էմբարգո սահմանելու հնարավորությունը։ Եթե ԱՄՆ-ին հաջողվի հասնել նրան, որ Եվրոպան հրաժարվի ռուսական նավթից, կամ նավթի գինն իջեցվի, ապա ՌԴ-ն ստիված կլինի դադարեցնել պատերազմը։ Եթե այդ ուղղությամբ էլ Արևմուտքը կոնկրետ գործողություններ անի, ապա, կասկած չունեմ, ՌԴ տնտեսությունը վերջնականապես փլուզվելու է»։
Անդրադառնալով ՌԴ պատժամիջոցների՝ ՀՀ-ի վրա հնարավոր ազդեցություններին՝ քաղաքագետը նշեց, թե դրանք մի քանի ուղղություններով կարող են լինել. «ՌԴ-ն ՀՀ-ի թիվ մեկ առևտրային գործընկերն է. ակնհայտ է, որ արտահանումը պակասելու է, ինչը, բնականաբար, ազդելու է նաև բյուջեի վրա։ ՌԴ-ից եկող տրանսֆերներն են պակասելու՝ ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված»։
Վերջինիս դիտարկմամբ՝ դրական հետևանքներ ևս լինում են՝ ՌԴ քաղաքացիների ներհոսք ՀՀ. նաև չի բացառվում, որ ՀՀ-ն կարողանա օգտվել այս վիճակից, և այն ապրանքները, որոնք ՌԴ-ին արգելում են վաճառել, վաճառվեն ՀՀ-ի միջոցով։ Վարդանյանը նկատեց, որ ՀՀ-ն նաև քաղաքական առումով կարող է կորուստներ ունենալ. «ՌԴ-ն փորձում է նաև ՀՀ-ին ներքաշել այս կոնֆլիկտի մեջ, ճնշումներ կան։ Բարեբախտաբար, հայկական կողմը մինչ այս պահը պահպանել է չեզոք դիրքավորումը։ Կարծում եմ՝ մոտ ժամանակներս ՌԴ-ն էլի կփորձի ճնշումներ գործադրել, դաշնակիցներ գտնել», - ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ ևս մեկ պոտենցիալ վտանգ կա՝ անվտանգային. «Չի բացառվում, որ Ադրբեջանը, օգտվելով ՌԴ-ի ծանր վիճակից, Արցախում գնա սադրանքների։ Այս պահին, իհարկե, ՌԴ-ն այնքան չի թուլացել, որ Ադրբեջանը գնա լայնածավալ պատերազմի, բայց չի բացառվում, որ, ամենավատ սցենարների դեպքում, նաև փորձեն լայնածավալ պատերազմ սկսել Արցախում։ ՀՀ-ն պետք է պատրաստ լինի բոլոր հնարավոր սցենարներին»։