Քաղաքական

Մարտի 1-ի գործը բացահայտված չէ. Արմեն Խաչատրյան

Մարտի 1-ի գործը բացահայտված չէ. Արմեն Խաչատրյան

Այսօր լրանում է 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 14-րդ տարելիցը։ Արդյո՞ք բացահայտված են մարտի 1-ի իրադարձությունները։ Այս թեմայով Radar Armenia-ն զրուցել է Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Արմեն Խաչատրյանի հետ։

- Պարո՛ն Խաչատրյան, Ձեր կարծիքով՝ Մարտի 1-ի իրադարձությունները որքանո՞վ են բացահայտված։

- Ես կարծում եմ, որ Մարտի 1-ի բացահայտման գործընթացը, որն սկսվել էր 2018թ., մտել է փակուղի և դրանից հետո որևէ առաջընթաց չի ունեցել, ընդ որում, ոչ մի դրվագով՝ ո՛չ կազմակերպիչների բացահայտման, ո՛չ կատարողներին պաատասխանատվության ենթարկելու, ո՛չ դատաիրավական համակարգի կողմից թույլ տրված հանցագործությունների, ո՛չ հարյուրավոր մարդկանց նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու, նրանց դատապարտելու իմաստով։ Ո՛չ էլ ամբողջական ավարտվել է ապօրինի դատապարտված անձանց արդարացման գործընթացը։ Այնպես որ, Մարտի 1-ը որևէ դրվագով դրական ընթացք չի ստացել։ 

- Ի՞նչն է խանգարել գործի բացահայտմանը։

- Ես միշտ համարել եմ, որ Մարտի 1-ը քաղաքական կոնտենտ ունի, և, բնականաբար, քաղաքական կամքի պակաս կա։ Հակառակ դեպքում՝ պետությունն ուներ հնարավորություն՝ առնվազն 2008թ. քաղբանտարկյալների արդարացման մասով երեք տարվա ընթացքում ավարտել այդ պրոցեսը և ապօրինի դատապարտված բոլոր անձինք, մանավանդ՝ ՄԻԵԴ-ի մի շարք վճիռներից հետո, արդարացված լինեին այս պահին։ Կամ ապօրինի դատական ակտ կայացրած դատավորների նկատմամբ հետապնդում սկսված լիներ՝ առնվազն կարգապահական վարույթների տեսքով։ Այդ մասով ևս, առնվազն կարգապահական վարույթների տեսքով, մենք պետք է ունենայինք ակտեր, էլ չեմ ասում, որ արդարադատության դեմ ուղղված ակնհայտ հանցագործության դեպքեր կան, և դրանց մասով կարող էինք ունենալ իրավական ակտեր, որոնցով նաև կապացուցվեր, որ մարտի 1-ից հետո համատարած քաղաքական հետապնդումներ են իրականացվել։ Ինչ վերաբերում է բուն Մարտի 1-ի կազմակերպիչներին և կատարողներին, ընդունենք, որ կային որոշակի դժվարություններ, բայց 2021թ. մարտի 26-ի ՍԴ-ի՝ Մարտի 1-ի գործի նախաքննության մասին որոշումից հետո որևէ լուր, տեղեկատվություն չենք ստանում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Մարտի 1-ի քննությունը դադարեցվել է։

- Մարտի 1-ի գործով նախկինում դատապարտվածների արդարացման գործընթացը որքանո՞վ է բավարար հունով ընթանում։

- Չի ընթանում։ «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ն ծրագիր է իրականացնում, Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններ արդարացման հիմքով բողոքներ են բերվում։ Միայն հունվար-փետրվար ամիսներին մոտ 30 բողոք է ներկայացվել, ու շարունակվում է գործընթացը, հուսով եմ՝ մարտին կավարտենք ամբողջը։ Բայց այդ գործընթացը պետությունը չի իրականացնում, ինչը շատ ավելի տրամաբանական կլիներ, որովհետև եթե 225-րդ հոդվածով արդեն կան թե՛ Եվրոպական դատարանի, թե՛ Վճռաբեկ դատարանի որոշումներ, ապա որևէ խանգարող հանգամանք չկա, որպեսզի «կոնվերային» սիստեմով դատախազությունը այդ բողոքները ներկայացներ Վճռաբեկ դատարան։ Դա էլ է մնացել, ըստ էության, քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժի ուսերին։

- Ունե՞ք վիճակագրություն, թե մինչ այժմ այդ գործով քանի անձ է դատապարտվել, և քանիսն են արդարացվել։

- Դատախազության նախաձեռնությամբ մոտ 80 և ավել դատապարտված անձանցից ընդամենը 13 գործ է եղել, որի բողոքները Դատախազության նախաձեռնությամբ գնացել են Վճռաբեկ և Վերաքննիչ դատարան։ Վերջին գործը, որն ավելի քան մեկ տարվա ընթացքում Դատախազության նախաձեռնությամբ է ուղարկվել, Նիկոլ Փաշինյանի գործն է, այսինքն՝ ընդամենը 14 գործ է ուղարկվել Դատախազություն, մնացած՝ մոտ 20 արդարացվածների մասով բողոքները կամ մեր օգնությամբ են ուղարկվել, կամ այդ անձինք իրենց նախաձեռնությամբ են բողոքներ ներկայացրել, կամ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռից հետո նոր հանգամանքով բողոք է բերվել՝ նորից իրենց նախաձեռնությամբ, ու մոտավորապես 50 գործ այս պահին արդեն Վճռաբեկ ու Վերաքննիչ դատարաններում են։ Կամ էլ այդ՝ իմ նշած, կազմակերպության ծրագրի շրջանակում նախապատրաստվում են առաջիկայում բողոքներով դիմել Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններ։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական