Radar Armenia-ն ձեզ է ներկայացնում Միացյալ Թագավորության ներկայացուցչի՝ Ջեյմս Քարիուքիի ելույթը Լաչինի միջանցքի փակմանը նվիրված ՄԱԿ ԱԽ նիստում։ ՄԹ ներկայացուցիչը, մասնավորապես, ասել է, որ իր երկիրը նախկինի պես խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի վերջին փակմամբ։ Նշելով, որ ուրախ է, որ գազամատակարարումը տարածաշրջան վերականգնվել է, նա կոչ է արել անհապաղ վերսկսել միջանցքի աշխատանքը․ «Քանի որ դա առաջին անհրաժեշտության ապրանքներ առաքելու միակ միջոցն է, այն մեկ շաբաթից ավելի փակելը մեծացնում է մարդասիրական լուրջ հետևանքների հավանականությունը, հատկապես՝ ձմռանը»:
Նա ընդգծել է, որ փակման պատճառով դժվարին կացության մեջ հայտնված քաղաքացիական անձանց անարգել վերադարձը պետք է համարվի շտապ առաջնահերթություն: «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան միայն դիվանագիտության միջոցով կարելի է հասնել կայուն խաղաղության»,-ընդգծել է նա՝ վերահաստատելով իր երկրի աջակցությունը միջազգային բանակցային ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը: