Իր ամենշաբաթյա ասուլիսում ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը, պատասխանելով լրագրողների հարցին, անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։
«Կարծում եմ, տեսել եք հայտարարությունը, որը հրապարակել ենք վերջին զարգացումների վերաբերյալ։ Մենք հստակ արձանագրել ենք, որ Լաչինի միջանցքի փակումը լուրջ մարդասիրական հետևանքներ ունի և խոչընդոտում է խաղաղության գործընթացը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է։
Էներգետիկ ենթակառուցվածքի ցանկացած խափանում կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի, հատկապես ձմռան ամիսներին: Եթե դա միտումնավոր է, ապա անընդունելի է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը»,- հավելել է Փրայսը։