Այսօր Կոնստանտին Զատուլինը, թերևս կարծելով, թե Հայաստանի հանրային ու քաղաքական դաշտում ամնեզիա է, իսկ վիդեո և ֆոտո արխիվները անհետացել են շումերական արձանագրությունների պես, հրաժարվել է օրերս հնչեցրած իր խոսքերից, որտեղ հայ ժողովրդին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում էր Ադրբեջանին «միջանցք» տալու խոստման մեջ։
«Ոչ, ես այդպիսի բան չեմ հայտարարել։ Հայկական լրատվամիջոցներից մեկն ինձ հարց տվեց, թե ինչու է Ռուսաստանը Հայաստանից պահանջում, որ Հայաստանը միջանցք բացի։ Ես ասացի, որ միջանցքի հարցի վերաբերյալ ամեն ինչ ճշտեք Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա իր վրա է վերցնում կամ չի վերցնում ինչ-որ պարտավորություններ, այդ թվում՝ կապված միջանցքի հետ։ Ահա այն ամենը, ինչ ես ասել եմ դրա վերաբերյալ, ես ոչ մի համաձայնագրի հղում չեմ արել»,- «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում նոյեմբերի 11-ին հայտարարել է Զատուլինը։
Սակայն հոկտեմբերի 15-ին «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, մասնավորապես, հայտարարել էր. «Ուրեմն, հնարավոր միջանցքի մասին հարցերը պետք է տալ նրանց, ովքեր ստորագրել են համաձայնագրերը։ Հայկական կողմից դա եղել է Նիկոլ Փաշինյանը։ Երբ նա ստորագրում էր այդ համաձայնագիրը, ինչի՞ մասին էր մտածում։ Եվ ինչու՞ են նա և հայերը այդ հարցերը վերահասցեագրում Ռուսաստանին։ Այդ ձե՛ր վարչապետն է ստորագրել նման պայման։ Ուրեմն, գոյություն ունեն տարբեր կարծիքներ այդ միջանցքի մասին։ …Իմ տպավորությունն այն է, որ Ռուսաստանը բացարձակապես չի հանդիսանում այդ միջանցքի ստեղծման գլխավոր շահագրգիռ կողմը։ Գլխավոր շահագրգիռները Ադրբեջանն ու Թուրքիան են։ Համապատասխանաբար, Հայաստանն էլ պետք է իր դիրքորոշումը կառուցի՝ պետք է դա իրեն, թե պետք չէ։ Մենք, ինձ թվում է, չենք մասնակցում միջանցքը բացելուն ուղղված Հայաստանի դեմ ճնշումներին։ Եթե իրենք՝ հայերը, վերընտրում են կառավարությունը 2021թ.-ին, ինչո՞ւ են նրանք պահանջներ ներկայացնում Ռուսաստանին՝ միջանցքի հետ կապված։ Միջանցքը ստորագրել է Փաշինյանը։ Եթե դուք համարում եք, որ նա պետք է շարունակի ղեկավարել կառավարությունը, ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը»։
ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, ավաղ, կա՛մ հիշողության հետ խնդիրներ ունի, կա՛մ էլ պարզապես ստում է, երբ հրաժարվում է սեփական իսկ խոսքերից, մեղադրանքներից և այժմ էլ փորձում սրբագրել իրեն, մեղայականով հայտարարել, թե ինքն այդպիսի խոսքեր չի ասել։