Միջազգային

Անկարան և Մոսկվան Հվ. Կովկասում գործելու են համախորհուրդ՝ դուրս մղելով Արևմուտքին

Անկարան և Մոսկվան Հվ. Կովկասում գործելու են համախորհուրդ՝ դուրս մղելով Արևմուտքին

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ, վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն է։ 

- Ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծում կամ զինադադարի հեռանկարներ տեսնու՞մ եք։ Ինչու՞ կողմերը չեն վերադառնում բանակցությունների սեղան։

- Հակամարտության հանգուցալուծում չեմ տեսնում։ Կարծում եմ՝ նախ պետք է վերադառնալ պատերազմի սանձազերծման շարժառիթներին, որպեսզի կարելի լինի մտածել հանգուցալուծման մասին։ Խնդիրը գլոբալ է, և այն, ընդհանրապես, կապ ունի Ռուսաստանի ազդեցության գոտիների սահմանափակման աշխարհաքաղաքական ծրագրի հետ։ Ռուսաստանի ազդեցությունը Վրաստանի վրա նախկինում այլ տարածականություն ուներ, նույնպես՝ Սիրիայում, որ նախապես միատիրույթ էր, հիմա արդեն՝ մասնաբաժին ունեն Վաշինգտոնը, Թեհրանը, Անկարան և քրդերը։ Հարավային Կովկաս թափանցել են թուրքերը՝ արցախյան պատերազմից հետո, նկատի ունեմ՝ Աղդամում թուրքական զորամիավորումը, թեկուզ՝ մշտադիտարկման գործառույթով, այդուհանդերձ,  խաղաղապահ առաքելությամբ։ Ռուսաստանի սահմանամերձ երկրները դառնում են ՆԱՏՕ-ի անդամ։ Ու դրա լուծումը կլինի, երբ Մոսկվան իր վերահսկողության տակ առնի իր առաջադրած գոտին, գուցե՝ մինչև Օդեսա, կամ էլ՝ սկանդինավյան երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին կառկախվի, թեկուզ՝ Անկարայի վետոյի տեսքով։ Միայն նման նշանակալի իրադարձություններից հետո բանակցային սեղան կնստեն կողմերը։

- Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարո՞ղ է ազդել Հարավային Կովկասում ՌԴ ազդեցության վրա։

- Հիմա առաջնահերթությունը Ուկրաինան է։ Նկատենք, սակայն, որ թե՛ Ուկրաինայում, թե՛ Հարավային Կովկասում աշխատում է ռուս-թուրքական մերձեցման ռազմավարական համաձայնությունը։ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ, հակառակ տարաձայնություններին, Անկարան և Մոսկվան համակարգում են իրենց քաղաքականությունը կոնֆլիկտային իրավիճակներում։ Զուգահեռ, Լավրովը ազդարարեց ԵԱՀԿ ՄԽ-ի  կազմալուծումը՝ թեկուզ պատասխանատվությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի վրա բարդելով։ Սա ենթադրում է, որ Հարավային Կովկասում իրենք գործելու են Անկարայի հետ համախորհուրդ՝ դուրս մղելով Արևմուտքին։ Կարծում եմ, որ, Ուկրաինայի պատերազմի արդյունքներից կախված, Հարավային Կովկասում կլինեն Արևմուտքի ակտիվացման միտումներ, ինչին նախադրյալները տեսանելի են Բրյուսելի միջնորդական փորձերով և, առայժմ, Վաշինգտոնի հնչած հայտարարություններով կամ պետքարտուղարության պաշտոնյաների՝ տարածաշրջան այցերով։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական