Արդեն երեք ամիս է՝ ընթանում է ռուս-ուկրաինական զինված հակամարտությունը։ Radar Armenia-ն այս կապակցությամբ զրուցեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանի հետ։
- Պարոն Հովհաննիսյան, ռուս-ուկրաինական պատերազմն ի՞նչ իրավիճակում է, ինչպե՞ս է գնահատվում։
- Կարելի է ասել՝ ծանր-հյուծիչ պատերազմ է։ Ռուսական զորքերը չափազանց դանդաղ և, ինչպես տեսնում ենք, մեծ կորուստների գնով են առաջ գնում։ Ուկրաինական կողմը պաշտպանվում է՝ օր-օրի մեծացնելով արտասահմանից եկող ռազմատեխնիկական ներուժը և մոբիլիզացիոն ծավալները։ Այնպես որ, շուտափույթ հանգուցալուծման և արդյունքների սպասել՝ վաղ է։
- Պատերազմում ի՞նչ տեխնոլոգիաներ են կիրառում կողմերը, ռազմական ի՞նչ նորամուծություններ կան։
- Ռուսական կողմը, ըստ էության, օգտագործում է իր ոչ միջուկային զինանոցի ողջ տեսականին, ամենավերջին հրթիռները, ինքնաթիռները, ուղղաթիռները, աթս-եր, մի խոսքով՝ ինչ ունի։ Բայց ռուսական կողմի համար մի քիչ խնդրահարույց է ժամանակակից զենքերի պակասը, և հիմա եղած միջոցների պայմանային օգտագործումը բերում է նորանոր խնդիրների։ Այսինքն, դրանք այն զենքերը չեն, որ կարողանան զուգահեռ արտադրել։ Դրան էլ որ գումարում ենք արևմտյան պատժամիջոցները, որոնք թույլ չեն տալիս որոշակի տեխնոլոգիաներ ներկրել, խնդիրն ավելի է խորանում։ Ուկրաինական բանակն ի սկզբանե չուներ նման միջոցներ, բայց այս պահին՝ Արևմուտքի աջակցության շնորհիվ, դրանց տեսակարար կշիռը գնալով մեծանում է և կարող է ավելի մեծանալ։
- Իսկ ի՞նչ եք կարծում՝ կողմերից ո՞վ առավելություն ունի այս պատերազմում։
- Այս պահին՝ ոչ մեկը։ Այս պահին չկա կողմ, որ կարող է նշել իր նշանակալի, բացահայտ առավելության մասին։ Ուկրաինական բանակը քանի որ պաշտպանվող կողմ է, բարոյահոգեբանական առումով ավելի լավ վիճակում կարող է լինել, որովհետև իր խնդիրը պաշտպանվելն է, ու բավականին լավ են պաշտպանվում։ Բայց, ամեն դեպքում, ռուսական բանակն էլ հարձակողական ներուժը պահպանում է, և այնպես չի, որ հյուծվել է։ Ռուսական բանակը դեռ հզոր քանակական գործոններ ունեցող բանակ է և այս պահին պահպանում է հարձակողական մեծ ներուժ, և չի կարելի դրա հետ հաշվի չնստել։
- Հայաստանն այս պատերազմում հատկապես ո՞ր զենքերի ու մարտավարության կիրառմանը պիտի ուշադրություն դարձնի։
- Իմ կարծիքով՝ մեր պաշտպանական գերատեսչության փորձագետները պետք է այս պատերազմն ամենայն ուշադրությամբ ուսումնասիրեն, որովհետև աշխարհի ոչ մի այլ պատերազմից ավելի շատ քաղելու բան չունենք, քան՝ այս։ Զենքերը, մարտավարությունը, կռվի ձևը, ընդհանրապես՝ հինգերորդ սերնդի պատերազմի կիրառման տարրերը երկու կողմերում էլ շատ թույլ են եղել, նույն իրավիճակն էր, որում մենք էինք գտնվում։ Մի համեմատություն էլ բերեմ՝ ադրբեջանաթուրքական զինված ուժերը, որ մեր վրա հարձակվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ, իրենց զենքերի հարվածային միջոցների տեսակարար կշռով գերազանցում էին այս պատերազմին, այսինքն, նրանք ավելի շատ միջոցներ ունեին, քան Ռուսաստանը կամ Ուկրաինան։
Ոսկեհատ Պողոսյան