Ռուս գործարար Օլեգ Տինկովը New York Times-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի իշխանությունների ճնշման ներքո վաճառել է Tinkoff Bank-ի իր մասնաբաժինը։ Բանկիրը պնդում է, որ Instagram-ում հրապարակված հակաիշխանական գրառման հաջորդ օրը ՌԴ նախագահի աշխատակազմից կապվել են Tinkoff Bank-ի ղեկավարության հետ և սպառնացել ազգայնացնել այն, եթե Տինկովը չխզի դրա հետ իր կապերը։
Անցյալ շաբաթ Վլադիմիր Պոտանինի «Interros» խումբը Օլեգ Տինկովի ընտանիքից գնեց ռուսական Tinkoff խմբի մայր կառույցի՝ TCS Group Holding-ի 35% բաժնետոմսերը։ Ռուսաստանի կենտրոնական բանկը հավանություն էր տվել գործարքին, որի մանրամասները չեն բացահայտվել։