Ֆրանսիան ուսումնասիրում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը։ Ֆրանսիական սենատում այս խնդրին նվիրված կոնֆերանս է տեղի ունեցել։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վադիմ Հալայչուկը հրավիրվել է խորհրդարանականների հետ հանդիպման։ Նա կոչ է արել ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա։
Համաժողովին մասնակցել են ֆրանսիացի օրենսդիրներ, օտարերկրյա դիվանագետներ, ֆինանսների ոլորտի փորձագետներ։ Քննարկված առաջարկների թվում է լսումների կազմակերպիչ, սենատոր Նատալի Գուլետի նախաձեռնությունը։ Նա առաջարկում է օգտագործել ռուսական պատժամիջոցների տակ հայտնված գույքը Ուկրաինայում պատերազմի զոհերին օգնելու համար։
Պուտինին մոտ կանգնած ռուսներին սառեցված ակտիվների վերադարձը սահմանափակելու միջոցներից մեկը, նույնիսկ պատժամիջոցների վերացումից հետո, կարող են լինել դատարանի որոշումները: Այս կարծիքին է «Շերպա» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Ուիլյամ Բուրդոնը, ով հանդես է եկել որպես Ալեքսեյ Նավալնիի փաստաբան։ Ըստ նրա՝ ռուսների դեմ քրեական գործերը բավական կլինեին գույքը սառեցնելու ու հետագայում բռնագրավելու համար։
Ֆրանսիայի ֆինանսների նախարարության տվյալներով՝ Ֆրանսիան սառեցրել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի միջոցները՝ ավելի քան 20 մլրդ եվրոյի չափով, ինչպես նաև ֆիզիկական անձանց ակտիվները ևս 800 մլն-ով, որոնք հիմնականում անշարժ գույք, բանկային հաշիվներ և զբոսանավեր են։