Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը երկուշաբթի կժամանի Վարշավա, որտեղ կհանդիպի Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ տվյալներով՝ կողմերը կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճնշումը մեծացնելու ուղիները։
Նշվում է, որ Թրասը ապրիլի 5-ին կհանդիպի նաև իր լեհ գործընկեր Զբիգնև Ռաուի հետ՝ այս շաբաթ նախատեսված Յոթնյակի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների բանակցություններից առաջ: Արտաքին գերատեսչության ղեկավարը մտադիր է դաշնակիցներին կոչ անել՝ «ավելի կոշտ գործողություններ ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ խաղաղության երկխոսությունում Ուկրաինայի բանակցային դիրքերն ամրապնդելու համար»։
Միացյալ Թագավորության ԱԳՆ-ն հայտնել է, որ Թրասը այցի ընթացքում կհայտարարի 13,1 միլիոն դոլար բարեգործական կազմակերպություններին հատկացնելու մասին, ներառյալ՝ նրանց, որոնք օգնություն են ցուցաբերում ռուս-ուկրաինական հակամարտության գոտում սեռական բռնության զոհ դարձած կանանց: