Երևանում կայանալիք «ArmHighTech-2022» միջազգային պաշտպանական ցուցահանդեսին Ռուսաստանը առաջին անգամ կներկայացնի AK-15 և AK-203 Կալաշնիկով ինքնաձիգները։ Այս մասին հինգշաբթի հայտնել են «Ռոսօբորոնէքսպորտի» մամուլի ծառայությունից։
«Ռուսական պաշտպանական արդյունաբերության նորույթներից «ArmHighTech-2022»-ին առաջին անգամ կներկայացվեն արդիականացված մարտական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ, T-90MS տանկը, ունիվերսալ զրահամեքենան, «Բումերանգ» ունիվերսալ անվավոր պլատֆորմի վրա հիմնված մարտական մեքենաները, ինչպես նաև նոր AK-15 և AK-203 Կալաշնիկով ինքնաձիգներ»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Նրանք նաև նշել են, որ «Ռոսօբորոնէքսպորտը» կներկայացնի ավիացիոն տեխնիկայի մոդելներ, այդ թվում՝ ցամաքային զորքերի համար նախատեսված զենքեր, ՀՕՊ համակարգեր, փոքր զենքեր և տարբեր նպատակների զրահամեքենաներ։ Ընկերությունը կցուցադրի նաև փոքր ԱԹՍ-երի դեմ ռադարային պայքարի միջոցներ։ Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին նախատեսվում է ներկայացնել մոտ 300 անուն ապրանք։
Բացի այդ՝ Երևանում «Ռոսօբորոնէքսպորտ»-ը կներկայացնի նախկինում մատակարարված արտադրանքի արդիականացման՝ ռուսական արդյունաբերության լայն հնարավորությունները, այդ թվում՝ համատեղ գործունեության շրջանակներում։
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Երևանի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի «ArmHighTech-2022» սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը։