Միջազգային

Միջազգային ավիաընկերությունները քաոսի մեջ են հայտնվել

Միջազգային ավիաընկերությունները քաոսի մեջ են հայտնվել

Համաշխարհային ավիացիոն քարտեզը փոփոխված տեսք ունի Ուկրաինա ներխուժումից հետո, և ավիաընկերությունները արդեն զգում են դժվարությունները: 

Մինչև Խորհրդային Միության փլուզումը, Ռուսաստանը համաշխարհային ավիացիայի անբաժանելի մասն էր կազմում։ Հարյուրավոր թռիչքներ ամեն օր հատում էին նրա հսկայական տարածքը՝ Եվրոպան և ԱՄՆ-ն Ասիայի հետ կապելու համար: «PJSC Aeroflot-Russian Airlines»-ը, աշխարհի ամենահին ավիաընկերություններից է, սպասարկել է մոտ 50 երկիր «Airbus SE»-ի և «Boeing Co»-ի ժամանակակից ինքնաթիռներով։ Այն ուներ ավելի քան 300,000 ինքնաթիռների թռիչքի իրավունք, որոնք ամեն տարի իրականցվել են Ռուսաստանի օդային տարածքով՝ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարելով ՌԴ պետական բյուջե:

Սակայն Ուկրաինայի վրա հարձակումը խաթարեց ավիացիայի կոմերցիոն ոլորտում տասնամյակներից ավել ձևավորված սերտ համագործակցությունը: Երբ անցյալ ամսվա վերջին Միացյալ Թագավորությունն արգելեց «Aeroflot»-ին և ռուսական այլ ավիափոխադրողներին մուտք գործել իր օդային տարածք, և Եվրամիությունը լայնածավալ պատժամիջոցներ սահմանեց, Ռուսաստանը հակադարձեց՝ արգելելով Եվրոպայի գրեթե բոլոր երկրներին, այդ թվում՝ Շվեյցարիային, մտնել իր օդային տարածք: ԱՄՆ-ն արագորեն հետևեց օրինակին՝ փակելով իր օդային տարածքը Ռուսաստանի համար։

Այս քայլով առաջացավ հսկայական «բռնկում» համաշխարհային ավիացիոն քարտեզի վրա: Ռուսաստանի վրայով օդային ճանապարհը Եվրոպայի և Հյուսիսային Ասիայի միջև ամենաարագն է. հսկայական երկիրը շրջանցելը չափազանց դժվար է դարձել։ Արդեն «Finnair»-ը, որի երկարաժամկետ ուղևորությունները դեպի Սեուլ, Շանհայ և Տոկիո իրականցվում էին Սիբիրի օդային տարածքով, հայտարարել  է, որ շատ թռիչքներ այլևս տնտեսապես շահավետ չեն:

«Վրեժխնդրությունը» հիշեցնում է «Սառը պատերազմի» դարաշրջանը, երբ Խորհրդային պետության օդային տարածքը երկար ժամանակ փակ էր արևմտյան ավիաընկերությունների համար՝ ստիպելով նրանց կանգառ կատարել վառելիքի լիցքավորման կետերում՝ Ալյասկայի «Անքորիջ»-ում կամ ընտրել Լոնդոն-Հնդկաստան-Հոնկոնգ լայն երթուղին: «Ռուսները աներևակայելի հզոր գործիք են օգտագործել իրենց օդային տարածքը փակելու համար», - ասում է «American Enterprise Institute»-ի ավագ գիտաշխատող Էլիզաբեթ Բրոուն, որը մասնագիտացած է անվտանգության հարցերում: «Դա միջազգային ավիացիայի մայրուղին է։ Գլոբալացված տնտեսության համար դա ակնհայտորեն սարսափելի զարգացում է»:

Ռուսաստանի օդային տարածքն օգտագործող ինքնաթիռների թիվը տարեկան հասնում է 300,000-ի։

Թեև ժամանակակից օդանավերը շատ ավելի երկարատև թռիչքներ ունեն (Singapore Airlines-ը ռեկորդակիր է՝ Նյու Յորքից Սինգապուր առանց կանգառի թռիչքի համար՝ գրեթե 19 ժամ), չվացուցակի փոփոխությունները ժամանակատար են, մեծացնում են աղտոտվածությունը և կարող են զգալի ֆինանսական բեռ լինել արդյունաբերության համար, որը դեռ ճգնաժամի մեջ է՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված։ 

Ուկրաինայի օդային տարածքից խուսափելն արդեն ավելացրել է թռիչքների ժամանակատարությունը միջանցքներում, որոնք Պարսից ծոցի օդանավակայանների հետ կապում են այնպիսի հանգույցներ, ինչպիսիք են Լոնդոնը, Ամստերդամը և Ֆրանկֆուրտը, և ավելացրել է հեռավորությունները Եվրոպայի և Ասիայի քաղաքների միջև:

Թեև ավիաընկերությունները դադարեցրել են բազմաթիվ ուղևորատար երթուղիների օգտագործումը այն պահից, երբ Ռուսաստանը փակել է իր օդային տարածքը, նրանք նաև մատնանշում են բեռնափոխադրումների պլանավորման բարդությունները: «Տրանսսիբիրյան երթուղիներն այժմ արգելված են. Չինաստանի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի գործարաններից Եվրոպա օդային ճանապարհով փոխադրվող ապրանքներն անցնում են ավելի երկար շրջանցիկ երթուղիներով, որոնք ավելացնում են բեռնափոխադրումների՝ արդեն իսկ աճող գները»,- ընդգծել է լոգիստիկ խորհրդատու Բրայան Քլենսին։ «Lufthansa Cargo»-ի կանոնավոր չվերթը Ֆրանկֆուրտից Տոկիո 2000 կիլոմետրով (1243 մղոն) ավելի երկար է, քան մինչ սահմանափակումը՝ ավելացնելով թռիչքի ժամանակը ավելի քան երկու ժամով և այրելով մոտ 18 տոննա ավելի շատ ինքնաթիռի վառելիք, - հաղորդում է «FlightRadar24»  կայքը:

Միայն առևտրային ավիացիան չէ, որ զգում է երթուղիների փակման առաջացրած լարվածությունը: Պատժամիջոցներն ուղղված են նաև հարուստ ռուսաստանցիներին, ովքեր սովոր են շրջել երկնքում իրենց «Dassault», «Gulfstream» և «Bombardier» ինքնաթիռներով: Այժմ որոշ ռուս մեծահարուստներ, որոնց վրա տարածվել են ԵՄ պատժամիջոցները, տեղափոխում են իրենց ինքնաթիռները: Երկաթի մագնատ Ալիշեր Ուսմանովի Airbus A340 ինքնաթիռը օդ է բարձրացել Մյունխենից փետրվարի 28-ին՝ լքելով ԵՄ օդային տարածքը։

Որպես տնտեսական ռեզերվային տարբերակ՝ եվրոպական ավիաընկերությունների մեծ մասը կարող է շարունակել ապավինել շահութաբեր անդրատլանտյան երթուղիներին՝ երկարաժամկետ կտրվածքով օգուտ ստանալու համար։ Բայց որքան երկար է տևում արգելքը, այնքան այն հնարավորություններ է ստեղծում չինական և ասիական այլ փոխադրողների համար։

Փետրվարի 27-ին հայտարարված ԵՄ պատժամիջոցներն արգելում են «ավիացիայի հետ կապված բոլոր ապրանքների և տեխնոլոգիաների» մատակարարումը Ռուսաստանին։ Սա դրդել է լիզինգային ընկերություններին, որոնք տիրապետում են համաշխարհային ինքնաթիռների զգալի մասին, դադարեցնել բիզնեսը ռուսական ավիաընկերությունների հետ և ձգտել վերադարձնել հարյուրավոր ինքնաթիռները, ինչը տեխնիկապես հնարավոր չէ ներկա պայմաններում: 

Լոնդոնում գործող «Ishka Ltd» խորհրդատվական ընկերության տվյալներով՝ օտարերկրյա վեց խոշորագույն լիզանգային ընկերությունները Ռուսաստանում ունեն մոտ 300 ինքնաթիռ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական