Միջազգային

«Ուկրաինան ռազմի դաշտում բեկում մտցնելու հույս ունի». միջազգայնագետ

«Ուկրաինան ռազմի դաշտում բեկում մտցնելու հույս ունի». միջազգայնագետ

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծման ուղղությամբ բանակցային գործընթացին վերադառնալու հնարավորություն այս պահին դեռևս չկա։

Radar Armenia-ի հետ զրույցում Բալասանյանը տեսակետ հայտնեց, որ Ուկրաինան պատրաստ չէ բանակցությունների նոր փուլ սկսելուն, ավելին, տպավորություն կա, որ Ուկրաինային չեն էլ թողնում, որ սեփական որոշում կայացնի ու ինքնուրույն քայլեր ձեռնարկի. «Ընդհակառակն, անընդհատ զենք են մատակարարում՝ թեժացնելով պայքարը և այն դուրս բերելով անգամ Ուկրաինայի տարածքից։ Այս պահին բանակցությունների օրակարգ չկա, դրանք իրականացվում են միայն  գերիների փոխանակման ուղղությամբ։ Ուկրաինան պատրաստ չէ բանակցությունների, քանի որ հույս ունի՝ ստացվող ռազմական տեխնիկայի, օժանդակության շնորհիվ բեկում մտցնել ռազմի դաշտում և բանակցությունները տանել սեփական սցենարով»։

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե միջուկային պատերազմի սպառնալիքն իրական է, միջազգայնագետն ասաց, որ չի կարծում, թե ընդհարումը կհասնի միջուկային զենքի կիրառմանը, բայց, ամեն դեպքում, ՌԴ-ի կողմից նախազգուշացում է ուղարկվում ՆԱՏՕ-ի անդամ երկրներին. «Այս ֆոնին Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի՝ Կիևին ուղղված անթաքույց կոչը՝ ռուսական տարածքում գտնվող օբյեկտները հարձակման թիրախ դարձելու վերաբերյալ, կարող է հանգեցնել նրան, որ Մոսկվան որոշի հարվածել ոչ միայն Ուկրաինայում որոշում կայացնող կենտրոններին, այլև ՆԱՏՕ-ի՝ որոշում կայացնող անդամ պետություններին, որտեղ նման կոչերով են հանդես գալիս։ Ինչպիսին կլինի հարվածը՝ միջուկային, թե՝ ոչ, այլ հարց է։ Պետք է հիշել նաև, որ ՌԴ-ն ունի հրթիռային համակարգեր, որոնց ուժը նույնիսկ մի քանի տասնյակ անգամ կարող է գերազանցել այն միջուկային հարվածի ուժին, որն ԱՄՆ-ի կողմից հասցվեց Ճապոնիային։ Այսինքն, պարտադիր չէ բուն միջուկային զենք կիրառել»։

Բալասանյանը չբացառեց՝ ամեն դեպքում, իրադարձությունները կարող են այնպիսի զարգացում ունենալ, որ եթե Մոսկվան իր տարածքներին առնչվող իրական վտանգ զգա, կանխարգելիչ փոքր դոզաներով որոշակի հարվածներ հասցնի այն կենտրոններին, որտեղ այդ որոշումները կայացվում են։

Միջազգայնագետի դիտարկմամբ՝ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները որևէ կերպ չեն ազդում հակամարտության ակտիվ փուլի վրա. «Ազդեցություն կարձանագրեինք այն դեպքում, երբ ռազմական գործողությունները կամ դրանց ինտենսիվությունը պատժամիջոցների արդյունքում դադարեցվեին կամ նվազեին։ Այսօր ռուսական բանակն ամբողջ ճակատով է անցել հարձակման։ ՌԴ-ն իր առջև խնդիր չէր դրել բլիցկրիգ իրականացնել, ՌԴ ղեկավարության մակարդակով նման հայտարարություն չի արվել, ավելին, ՌԴ նախագահը մի քանի անգամ շեշտել է, որ ժամկետները տեղավորվում են այն տրամաբանության մեջ, որոնց վերաբերյալ խնդիրներ է դրել ԳՇ-ի առջև»։

Ինչ վերաբերում է հակամարտության հանգուցալուծման հնարավոր ժամկետներին՝փորձագետը նշեց, որ չի կարծում, թե Արևմուտքից զենքի անընդհատ մատակարարման պարագայում ռազմական գործողությունները շուտ կավարտվեն. «Կարծում եմ՝ մինչև մայիսի 9-ը խնդիր կդրվի ավարտել Լուգանսկի և Դոնեցկի մարզերի սահմանների ամբողջացումը, նաև՝ Օդեսայի ուղղությամբ գործողությունների իրականացմամբ, իսկ մայիսից մինչև տարեվերջ ռազմական գործողությունները դեռ կշարունակվեն, որովհետև, իմ խորին համոզմամբ, ՌԴ-ն իր առջև խնդիր դրել է վերցնել Կիևը, և երբ ռուսական զորքերը շատ արագ հասան Կիև ու հետ գնացին, ուղղակի նախազգուշացում էր Արևմուտքին, որ ցանկացած պահի նորից կարող են հայտնվել Կիևում»։

Բալասանյանի խոսքով՝ այլ վտանգ ևս կա. «Ռազմական գործողությունների՝ Ուկրաինայի արևելյան հատված տեղափոխվելու պարագայում Ուկրաինային մատակարարվող զենքը կարող է հայտնվել Սլովակիայում, Լեհաստանում՝ տարբեր հանցագործ խմբավորումների ձեռքին, և իսկական պատուհաս դառնալ եվրոպական մի շարք երկրների համար։ Զենքի մատակարարումը հստակ ու հասցեական պետք է լինի։ Անգամ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն են պնդում, որ իրենք չգիտեն էլ, թե զենքը կոնկրետ ուր է հասնում, ինչը շատ վտանգավոր է։ Բայց և չեմ կարծում, թե զենքի մատակարարումները կարող են խափանել ռուսական պլանները, որովհետև այն զենքերը, որ ՌԴ-ն ուներ, նաև՝ դեռ խորհրդային տարիներից մնացած, կենսունակ են, և քանակն այնքան շատ է, որ ՌԴ-ն կարող է տարիներով պատերազմ մղել՝ առանց լուրջ ֆինանական միջոցներ ներդնելու»։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական