Radar Armenia-ի հետ զրույցում ռազմաքաղաքական փորձագետ Արմինե Մարգարյանն, անդրադառնալով ռուս-ուկրաինական ճգնաժամին, ասաց. «Ռուսաստանն իր քաղաքական նպատակներին հասնում է, որովհետև ուկրաինական կողմը արդեն խոսում է այն մասին, որ ինքը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Նույնը կատարվում է Վրաստանում, Մոլդովայում։ Այս երկրները փորձում են արագացնել Եվրամիությանն իրենց անդամակցության գործընթացը, բայց, միևնույն ժամանակ, արդեն խոսվում է չեզոք կարգավիճակի մասին, իսկ դա հենց այն է, ինչը պետք էր ռուսական կողմին»։
- Զելենսկին բանակցությունների միջանկյալ ընթացքը գնահատել է դրական և ասել, որ դրանք պետք է շարունակվեն։ Ի՞նչ արդյունք կունենան այս բանակցությունները։
- Կարծում եմ՝ երբ ուկրաինական կողմը խոսում է բանակցություններում դրական տենդենցի մասին, նկատի ունի, որ իր համար առնվազն պարզ է ՆԱՏՕ-ի դիրքորոշումը, որը չի պատրաստվում Ուկրաինային ընդունել ՆԱՏՕ։ Իրենց մնում է արձանագրել դա և ամրագրել իրենց չեզոք կարգավիճակը։ Բայց, միևնույն ժամանակ, Արևմուտքից ուզում է որոշակի անվտանգային երաշխիքներ և այլ հնարավոր մեխանիզմ, որով կկարողանա համագործակցել Արևմուտքի հետ։
Այս փուլում կամրագրվի, որ Ուկրաինան կունենա չեզոք կարգավիճակ, իսկ տարածքային խնդիրների վերաբերյալ բանակցությունները և դիրքորոշումների անհամաձայնության փուլերը դեռ կշարունակվեն։
- Կոնֆլիկտի մոտալուտ հանգուցալուծում տեսնո՞ւմ եք։
- Այս կոնֆլիկտն ամենևին Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների մասին չէ։ Այս կոնֆլիկտը Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների մասին է։ Հետևաբար, կարող ենք արձանագրել, որ փուլ է փոխվել. ակտիվ ռազմական գործողությունների փուլը մոտ ապագայում կփոխարինվի քաղաքական բանակցային գործընթացների փուլով։
- Այս ամենի արդյունքում որքանո՞վ է ավելանում կամ նվազում Ռուսաստանի ազդեցությունը։
- Եթե Ռուսաստանի գերակա նպատակն այն է, որ ՆԱՏՕ-ն կասեցնի իր ընդլայնումը՝ դեպի Ռուսաստանի սահմաններ, ապա, ըստ էության, Ռուսաստանը հասնում է իր նպատակին, որովհետև Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը արդեն սկսում են խոսել չեզոքության մասին. այդ ճանապարհով էլ պրոցեսը կընթանա։ Հետևաբար, Ռուսաստանը այս առումով շահեկան վիճակում է հայտնվում։
- Այսինքն, ըստ Ձեզ, ռուս-ուկրաինական հակամարտության շահող կողմը Ռուսաստա՞նն է։
- Այս իրավիճակում շահող կողմ կարող է լինել միայն այն դեպքում, եթե կողմերը գան գիտակցության, որ պիտի նստեն բանակցային սեղանի շուրջ և արձագանքեն բոլոր այն խնդիրներին, որոնք շատ վաղուց աշխարհում առկա են։ Ռուս-վրացական պատերազմը, Ղրիմի դեպքերը խոսում են այն մասին, որ Եվրոպական անվտանգության համակարգը այլևս այնքան գործուն չէ, որքան ի սկզբանե էր՝ Հելսինկյան գործընթացից սկսած։ Այնպես որ, կողմերը կարող են հաջողել միայն այն դեպքում, երբ իրենց դիրքորոշումը հանգի նրան, որ պիտի վերանայեն անվտանգային համակարգը և նստեն բանակցային սեղանի շուրջ։
Ոսկեհատ Պողոսյան