«Կա եռակողմ հայտարարություն, որն ունի 3 սուբյեկտ՝ Հայաստանը, Ադրբեջանը և ՌԴ-ն։ Հատկապես վերջինը այդ փաստաթղթով ոչ միայն հակամարտության կողմ է դարձել, այլև հիմնական մոդերատորն է, որն իր խաղաղապահ առաքելությամբ պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը». Radar Armenia-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող վերջին օրերի զարգացումներին։
Նրա խոսքով՝ ռուսական կողմի հետ կապված վերապահումներ կան, որովհետև այստեղ տեսանելի է Ադրբեջանի անթաքույց ագրեսիա. «Մյուս կողմից՝ չենք տեսնում ռուսական կողմի համարժեք պատասխան»: Միաժամանակ, նա նշեց, թե պետք է իրատես լինենք և հասկանանք, որ համաշխարհային պրակտիկայում խաղաղապահ առաքելությունները հաջողված փորձ չունեն և անմասն չեն սադրանքներից։
Քաղաքագետն, այս իմաստով, համաձայն է Հայաստանի իշխանությունների հետ, որ ռուսական կողմի առջև պետք է դրվեն խնդիրներ՝ մանդատի շրջանակաները հստակեցնելու և խաղաղապահ առաքելության ազդեցությունը բարձրացնելու ուղղությամբ: Բայց, մյուս կողմից, ցանկալի չի, որ հիմա հակառուսական տրամադրություններ բորբոքվեն. «Այս իրավիճակում ռեալ չեմ համարում Արցախում միջազգային այլ ուժերի տեղակայումը։ Անգամ ստանդարտ իրավիճակում դրան հասնելու համար տարիներ են պետք: Ոչ մի երաշխիք չկա, որ, պայմանական ասած, արևմտյան խաղաղապահ ուժերը ավելի անաչառ ու արդյունավետ կգործեն։ Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը կորցրել է վերահսկողությունն Արցախի նկատմամբ, բայց քանի որ Հայաստանը այդ փաստաթղթի 3 կողմերից մեկն է՝ պարտավոր է դիվանագիտական խողովակներով Մոսկվայի առջև այդ խնդիրները բարձրացնել»:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն օգտվում է համաշխարհային քաղաքականության տուրբուլենտությունից և հաշվարկում, որ Ռուսաստանն անհրաժեշտ ռեսուրսներ ու ժամանակ չունի՝ զբաղվելու Հարավային Կովկասի խնդիրներով, մյուս կողմից էլ՝ ռուս-ուկրաինական պատերազմը մեծացրել է Ադրբեջանի ու Թուրքիայի սուբյեկտայնությունը։ Այս համատեքստում քաղաքագետը խնդրահարույց է համարում հանգամանքը, որ հակամարտության կողմերը 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը տարբեր կերպ են մեկնաբանում: Ըստ նրա՝ դա մեծացնում է Ռուսաստանի դերը՝ որպես մոդերատոր։ «Խնդրի կարգավորման լուծումներից մեկն էլ հայ-ադրբեջանական երկխոսությունն է։ Նախադրյալներ են պետք նաև Բաքվի և Ստեփանակերտի երկխոսություն համար՝ Ղարաբաղի հարցի քաղաքական կարգավորմանը հասնելու նպատակով»,- շեշտեց Սուրենյանը՝ միաժամանակ հավելելով, որ պետությունը պետք է ունենա ֆորս-մաժորային պլան, որ ծայրահեղ դեպքում, երբ խնդրի կարգավորման որևէ տարբերակ չաշխատի, արցախահայությանը հնարավոր լինի էվակուացնել։
Հայկ Մագոյան