Քաղաքական

Հարցվածների 67%-ը Հայաստանի համար բացասական է որակել ՍՍՀՄ փլուզումը

Հարցվածների 67%-ը Հայաստանի համար բացասական է որակել ՍՍՀՄ փլուզումը

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC) ներկայացրել է «Կովկասյան բարոմետր 2021» հետազոտությունը, որի համաձայն՝ հարցվածների 67%-ը Սովետական Միության փլուզումը Հայաստանի համար բացասական է համարել։ 

Հարցին, թե ինչու էր ՍՍՀՄ փլուզումը բացասական Հայաստանի համար, հարցվածների 52%-ը նշել է, որ դրանից հետո սոցիալ-տնտեսական վիճակը վատթարացել է, 16%-ը նշել է, որ աշխատատեղերը նվազել են, 10%-ն էլ նշել է, որ փլուզումից հետո բռնկվեց ղարաբաղյան կոնֆլիկտը։ 

Իսկ ՍՍՀՄ փլուզումը Հայաստանի համար դրական է համարել ընդհանուր հարցվածների 22%-ը։

Հարցին, թե ինչու էր Սովետական Միության փլուզումը դրական Հայաստանի համար, հարցվածների 80%-ը նշել է Հայաստանի անկախացման փաստը, 3%-ը նշել է, որ մշակույթը հնարավորություն ստացավ զարգանալ, 3%-ը նշել է մարդկանց իրավունքները պաշտպանության հարցում առաջխաղացումը։ 

Ընդհանուր հարցվածների 22%-ը նշել է, որ ՍՍՀՄ ժամանակաշրջանի հետ համեմատ՝ ավելի լավ են ապրում, 21%-ը նշել է, որ ապրում են նույն կերպ, իսկ 56%-ը նշել է, որ ապրում են ավելի վատ։

Փաստորեն, ՀՀ անկախացումից 30 տարի անց հարցվածների 67%-ը ՍՍՀՄ փլուզումը բացասական է գնահատում՝ այն դեպքում, երբ 1991թ. անկախության հանրաքվեի ժամանակ «Այո» էր քվեարկել մասնակիցների 99,51%-ը՝ 2 մլն-ից ավելի մարդ։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական