Քաղաքական

Հայաստանի ամենամեծ նվաճումները և ձախողումները՝ ներկա ու նախկին իշխանությունների ժամանակ

Հայաստանի ամենամեծ նվաճումները և ձախողումները՝ ներկա ու նախկին իշխանությունների ժամանակ

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC) ներկայացրել է «Կովկասյան բարոմետր 2021» հետազոտության արդյունքները։ 

Հարցման թեմաներից մեկը վերաբերում է Հայաստանի ներկա ու նախկին ղեկավարների իշխանավարման տարիների նվաճումներին ու ձախողումներին։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին Հայաստանի ամենամեծ նվաճումը հարցվածների 24%-ը համարել է ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթանակը, 20%-ը՝ Հայաստանի անկախացումը և միջազգային ճանաչումը։ Հարցվածների 51%-ն էլ նշել է, որ նրա կառավարման տարիներին որևէ նվաճում կամ հաջողություն չի եղել։ 

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին Հայաստանի ամենամեծ ձախողումը հարցվածների 31%-ը համարել է էներգետիկ ճգնաժամն ու ու սպառողական ապրանքների պակասը (մութ ու ցուրտ տարիները)։ Հարցվածների 25%-ը ձախողում համարել է նաև տնտեսական գահավիժումը, 13%-ը՝ ղարաբաղյան առաջին պատերազմում տարած ռազմական հաղթանակը քաղաքականապես ամրագրելու, իսկ հետագայում՝ Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական քաղաքական լուծման անկարողությունը։ 

Ըստ հարցվածների 3%-ի՝ նրա կառավարման տարիներին որևէ ձախողում չի եղել։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների ամենամեծ նվաճումը ընդհանուր հարցվածների 31%-ը համարել է տնտեսական աճը, 3%-ը՝ շինարարության բարձր տեմպերը, 2%-ը՝ խաղաղությունը և սահմանների անվտանգությունը։ Ըստ հարցվածների 51%-ի՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին որևէ նվաճում չի եղել։

Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանի ամենամեծ ձախողումը ընդհանուր հարցվածների 22%-ը համարել է 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչությունը, 13%-ը՝ 2008թ. մարտի մեկի արյունալի դեպքերը, 12%-ը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններից ԼՂ իշխանությունների դուրս մնալը, 10%-ը՝ գույք՝ պարտքի դիմաց գործարքը՝ Հայաստանի ռազմավարական ակտիվները Ռուսաստանին հանձնելով, 6%-ը՝ մարդու իրավունքների ոտնահարումը, 5%-ը՝ հանրության ձայնը չլսելը և վախի մթնոլորտի տարածումը։ 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանի ամենամեծ նվաճումը, ըստ հարցվածների 8%-ի, քաղաքական կայունությունն է։ Հարցվածների 3%-ը նվաճում է համարել Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Հայաստանի վարած «և, և»-ի արտաքին քաղաքականությունը (ԵՄ-ԵԱՏՄ)։ Հարցվածների 72%-ը նշել է, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին որևէ նվաճում չի եղել։

Սարգսյանի օրոք Հայաստանի ամենամեծ ձախողումը հարցվածների 21%-ը նշել է 2016-ի ապրիլյան պատերազմը և ՀՀ տարածքային կորուստները, 16%-ը՝ աղքատության խորացումը և արտագաղթի նոր ալիքը, 11%-ը՝ Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական քաղաքական լուծման անկարողությունը կամ ցանկության բացակայությունը, 8%-ը՝ կոռուպցիայի տարածումը։ Ըստ հարցվածների 6%-ի՝ նրա կառավարման տարիներին որևէ ձախողում չի եղել։

Հայաստանի ամենամեծ նվաճումը 2018-2021թթ.՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին, ընդհանուր հարցվածների 12%-ը համարել է 2018թ.-ին Հայաստանի ժողովրդավարական զարգացման հույսի ներշնչումը, 11%-ը՝ կոռուպցիայի կրճատումը,10%-ը՝ ժողովրդավարության ամրապնդումը, 6%-ը՝ վախի մթնոլորտի վերացումը և խոսքի ազատության իրավունքի իրացման ապահովումը, 6%-ը՝ ենթակառուցվածքների՝ հատկապես ճանապարհների, շինարարությունը, 4%-ը՝ ազատ և արդար ընտրությունների անցկացումը։ Ըստ հարցվածների 43%-ի՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին որևէ նվաճում չի եղել։

Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանի ամենամեծ ձախողումը հարցվածների 59%-ը համարել է ղարաբաղյան երկրորդ պատերազմը տանուլ տալը, 14%-ը՝ այդ պատերազմը կանխելուն ուղղված դիվանագիտական անբավարար ջանքերը, 3%-ը՝ պետական կառավարման ապարատի թուլանալը և կադրային շարունակական փոփոխությունները, 3%-ը՝ երկրի զարգացման հեռանկարների անորոշությունը, 2%-ը՝ աղմկահարույց դատական գործերի անավարտ թողնելը (օրինակ՝ Ռ. Քոչարյանի)։ Ըստ հարցվածների 6%-ի՝ որևէ ձախողում չի եղել։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական