Մայիսի 22-ին Բրյուսելում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Հանդիպման նախօրեին, սակայն, ադրբեջանական կողմը սկսել է Հայաստանին մեղադրել բրյուսելյան պայմանավորվածությունները չկատարելու մեջ։ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է այդ մեղադրանքներին՝ նշելով, որ հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել:
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց. «Պետք է հասկանալ, որ երբ խոսվում է խաղաղության պայմանագրի, դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մասին, այդ փաստաթղթի ստորագրումը չի լինելու մի քանի օրից, մի քանի ամսից կամ, նույնիսկ, այս տարի։ Դա երկար գործընթաց է, որը, կախված աշխարհաքաղաքական զարգացումներից, կարող է տևել տարիներ կամ տասնյակ տարիներ։ Դա պետք է ընդունենք որպես փաստ։ Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է՝ նա ուզում է ամեն ինչ և այսօր։ Նա փորձում է բրյուսելյան հանդիպումների համատեքստում այդ գործընթացները հնարավորինս արագացնել այն դեպքում, երբ ՀՀ-ն այդ արագացման մեջ շահագրգռված չէ»։
Նրա խոսքով՝ այդ շահագրգռվածությունը չունեն նաև Արևմուտքում և ՌԴ-ում․ «Խոսք կա Արցախի կարգավիճակի մասին, իսկ ՌԴ-ն շահագրգռված չէ, որ այդ հարցը շուտափույթ լուծվի։ Բաքվում այդ ամենը շատ լավ հասկանում են և անընդհատ մեղադրանքներ են հնչեցնում, թե ՀՀ-ն խոչընդոտում է, որ պրոցեսն առաջ ընթանա։ Հայաստանի պատասխանն ակնհայտ է՝ անընդհատ շեշտում է, որ պատրաստ է խաղաղության օրակարգի, բայց այն պայմաններով, որոնք համապատասխանում են Հայաստանի և Արցախի ազգային շահերին»։
Քաղաքագետի կարծիքով՝ ՀՀ-ին ձեռնտու չէ, որ պրոցեսն արագ ընթանա, որովհետև ներկա իրողություններում ՀՀ-ն համեմատաբար թույլ է. «Մենք ունենք բավական մեծ խնդիրներ՝ և՛ ներքին, և՛ արտաքին, և Ալիևն իրեն զգում է «ձիու վրա նստած», դրա համար մեզ ժամանակ է պետք։ Բաքվի ռեակցիան էլ ապացուցում է, որ ժամանակ շահելու գործընթացը հայկական կողմից հաջողվում է։ Բրյուսելյան հանդիպումից հետո կլինի հերթական քայլը՝ հանձնաժողովի աշխատանքներն սկսելու համար, բայց թե որքան ժամանակ կաշխատի այդ հանձնաժողովը, ոչ ոք չգիտի։ Մեր շահերը պահանջում են, որ եթե որևէ բանակցություն լինի անկլավի հարցով, ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա՝ Արծվաշենը իրենց, իսկ այն գյուղերը, որոնք Ադրբեջանը համարում է իրենը, մնան մեզ։ Չեմ կարծում՝ այստեղ կարող է որևէ սակարկություն լինել»։
Ըստ Ստեփանյանի՝ Արևմուտքը փորձում է ՌԴ-ին այդ պրոցեսից դուրս մղել. «Դա էլ ի վնաս մեզ չէ, բավականին շատ են դրական ազդակները, որ գործընթացը գնալու է լավ ուղղությամբ։ Բացասական տենդենցներ չեմ տեսնում»։
Ինչ վերաբերում է ՌԴ հետ հնարավոր խնդիրներին, քաղաքագետն ասաց. «Խնդիրները երբեք չպետք է բացառել, բայց պետք է հասկանանք, որ երրորդ հանդիպումն է, որ կայանում է Բրյուսելում՝ Վաշինգտոնի ակնհայտ հովանավորության ներքո, Մոսկվայում հանդիպումներ չեն կայանում։ Կարևոր է նշել, որ բրյուսելյան հանդիպումներից հետո Մոսկվա գնաց Նիկոլ Փաշինյանը, Ալիևը Մոսկվա չգնաց, այնպես որ՝ այստեղ գնդակն, ավելի շատ, Ադրբեջանի դաշտում է լինելու, որովհետև վերջինս է ավելի շատ դուրս գալիս Մոսկվայի դեմ, քան՝ Հայաստանը։ Ցանկացած դեպքում, պետք է աչքի տակ ունենալ այդ հավանականությունը, որ ՌԴ-ն կարող է փորձել խանգարել Բրյուսելում ընթացող պրոցեսին։ Ամեն դեպքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռեանիմացիան վերջնականապես ավարտվել է, այն գործում է, բայց այլ ֆորմատում՝ առանց ՌԴ-ի։ Ակնհայտ է, որ այդտեղ կա և՛ ֆրանսիական, և՛ ամերիկյան համանախագահությունը, ուղղակի ստացվել է նոր՝ բրյուսելյան ֆորմատ, Շառլ Միշելի մոդերատորությամբ»։
Մարիամ Սարգսյան