Քաղաքական

«Մեր հայտարարությունն ավելի առարկայական է». «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր

«Մեր հայտարարությունն ավելի առարկայական է». «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան վերջին հանդիպումից հետո Արցախի ԱԺ 4 խմբակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ «Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու և 30-ամյա բանակցային գործընթացում կուտակած ժառանգությունը խեղաթյուրելու տեսանկյունից»։

Այս հայտարարությանը, սակայն, չէր միացել Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը։ Ավելի ուշ վերջինս հանդես եկավ առանձին հայտարարությամբ։

Խմբակցության անդամ Սեյրան Հայրապետյանը Radar Armenia-ի հետ զրույցում պարզաբանեց՝ ինչու իրենք միասնական դիրքորոշում չեն ներկայացրել, ինչպես, օրինակ, ապրիլի 14-ին՝ ԱԺ համատեղ հայտարարության ընդունման օրը։ Պատգամավորը նշեց՝ սկզբունքային հակասություններ չունեն, բայց, ըստ նրա, «Միասնական հայրենիք»-ի հայտարարությունը շատ ավելի առարկայական է և հստակ. «Ինչ վերաբերում է ԱԺ մյուս խմբակցությունների հայտարարությանը միանալ-չմիանալուն, թող իրենք միանային մեր հայտարարությանը։ Մեր հայտարարության մեջ մեր տեսակետը ներկայացրել ենք ավելի հստակ, կոնկրետ քայլերով, առարկայական նշված է՝ ինչն է սխալ, և ինչ պետք է արվեր։ Մեր գործընկերների հանդեպ ամենայն հարգանքով՝ պետք է ասեմ, որ երկու հայտարարությունները կարդալուց հետո էլ տեսանելի է, որ մեր հայտարարությունն ամբողջական է»։

Հարցին՝ այդ դեպքում առաջարկե՞լ են իրենց հայտարարության տեքստը ներկայացնել որպես ամբողջական դիրքորոշում, պատգամավորը պատասխանեց, որ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարն է մասնակցել քննարկմանն ու հայտարարության տեքստի մշակմանը, բայց իրենց դիրքորոշումը՝ ավելի հստակ հայտարարությամբ հանդես գալու, ճիշտ է. «Մեր հայտարարությունն ավելի առարկայական է՝ արցախյան կարգավորման հարցով ի սկզբանե զբաղվում են Մինսկի խմբի համանախագահները, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է, որի խաղաղապահ ուժերը գտնվում են Արցախում։ Իսկ բրյուսելյան հանդիպմանը եղե՞լ է ռուսական կողմ, Մինսկի խմբի ներկայացվածություն։ Չկան, այդ դեպքում ի՞նչ նպատակ է հետապնդում Միշելի հայտարարությունը, որում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը չի օգտագործվել։ Միշելը «նայում է» Ադրբեջանի նախագահին, որովհետև այդ երկրի էներգակիրներով՝ նավթով, գազով, կարող է լուծել իր խնդիրները՝ ՌԴ-ին այլընտրանք գտնելով։ Այս համատեքստում, վախենալով է նշելու նույնիսկ ԼՂ անունը։ Նշել է «Ղարաբաղի էթնիկ բնակչություն», ինչն անթույլատրելի է։ Մենք ակնկալիքներ չունենք, թե այնտեղ Արցախի կարգավիճակի հարց է քննարկվելու, իսկ մեր գործընկերների հայտարարությունում հարցերի լուծման համապարփակ առաջարկություններ չկան»։

Ինչ վերաբերում է արցախյան իշխանությունների դիրքորոշմանը, Հայրապետյանն ասաց, թե այն արտահայտված է նախագահի խոսնակի, ԱԳ նախարարի վերջին հայտարարություններում, որոնցում նշվում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս. «Այս հարցում կա կոնսենսուս։ Իշխանությունը, ընդդիմությունը, արտախորհրդարանական ուժերը երբեմն կարող են գործողությունների մեջ հակասություններ ունենալ, բայց Արցախի կարգավիճակի վերաբերյալ համամիտ են բոլոր կողմերը»։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական