Քաղաքական

«Վրաստանում «3+3» ձևաչափի վերաբերյալ դիրքորոշման փոփոխություն չկա». Ջոնի Մելիքյան

«Վրաստանում «3+3» ձևաչափի վերաբերյալ դիրքորոշման փոփոխություն չկա». Ջոնի Մելիքյան

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն երեկ հայտարարել է, թե Մոսկվայում հույս ունեն, որ Վրաստանն ի վերջո կմիանա «3+3» ձևաչափին։ ՀՀ-ի ու ՌԴ ղեկավարների՝ ապրիլի 19-20-ին կայացած հանդիպումից հետո տարածած համատեղ հայտարարության մեջ էլ կողմերը նշել էին «3+3» ձևաչափի հաջող մեկնարկի մասին։

Վրացագետ Ջոնի Մելիքյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ ԱԳ փոխնարարի հայտարարություններին, նշեց՝ հասկանալի է, որ ՌԴ-ն ու այլ պետություններ ցանկանում են, որ այդ ձևաչափն ինչ-որ կերպ աշխատի, ինչը կկայունացնի իրավիճակը տարածաշրջանում. «Այլ հարց է, որ այդ ֆորմատում ենթադրյալ մասնակից պետություններն առ այսօր միմյանց հետ որոշակի խնդիրներ ունեն, օրինակ, ՀՀ-ն՝ Ադրբեջանի, Թուրքիայի հետ, Վրաստանն ու ՌԴ-ն՝ իրար հետ, Իրանը՝ Վրաստանի հետ, պայմանավորված արևմտյան պատժամիջոցներով ու Վրաստանի՝ պրոարևմտյան քաղաքականությամբ։ Տեսականորեն, ձևաչափը կարող է ապագայում՝ ետկոնֆլիկտային շրջանում, տարածաշրջանային համագործակցության  և տարբեր ծրագրերի իրականացման հնարավորություն տալ, ինչից տասնամյակներ շարունակ այս տարածաշրջանը զուրկ է»։

Փորձագետի խոսքով՝ Վրաստանում «3+3» ձևաչափի վերաբերյալ դիրքորոշման որևէ փոփոխություն չկա. «Վրաստանն իրեն այդ ձևաչափում չի տեսնում, ավելին՝ այդ ձևաչափից սպառնալիքներ և մարտահրավերներ է տեսնում՝ ՌԴ-ի մասով։ Չեմ կարծում, թե այսպիսի ձևաչափում Արևմուտքին դուրս մղելու պատրաստակամություն ցուցաբերի Թբիլիսին և այս ձևաչափին մասնակցելու համաձայնություն տա։ Այս ամենը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Արևմուտքին ինչ-ինչ պատճառներով պետք լինի, որ Վրաստանը «3+3»-ում մասնակցություն ունենա»։

Ըստ Մելիքյանի՝ ձևաչափի կայացման գործում այժմ որևէ առաջընթաց տեսանելի չէ։ «Ամեն պետություն, իր շահերից ելնելով, որոշ չափով խոսում է ձևաչափի հնարավորությունների, ապագա կարևորության մասին, բայց այսքանով սահմանափակվում է, քանի որ նույնիսկ իրենք են հասկանում, որ կան որոշ անհաղթահարելի խնդիրներ մասնակից պետությունների միջև։ Որքան էլ փորձեն ակտիվացնել ձևաչափը, միևնույն է, աշխատանքի ընթացքում այդ խնդիրները դանդաղեցնելու են գործընթացները և թույլ չեն տալու մաքսիմալը քաղել հնարավոր համագործակցությունից»։

Վրացագետի դիտարկմամբ՝ ՌԴ-ի համար այսօր ձևաչափի մասին խոսելը կարևոր է՝ ժամանակ շահելու և ուկրաինական ճգնաժամի հարցերը լուծելուց հետո տարածաշրջանում  ավելի հստակ քայլերի վերադառնալու համար. «Վրաստանն էլ չի թաքցնում, որ այս ճգնաժամում Արևմուտքի, ասել է՝ Ուկրաինայի կողքին է, չնայած ուկրաինական այսօրվա էլիտայի ունեցած խնդիրներին։ Թեև ուկրաինական և վրացական քաղաքական էլիտաների միջև ճգմաժամ կա, բայց վերջինս աշխարհաքաղաքական բախման ընթացքում հումանիտար և քաղաքական աջակցություն է ցուցաբերում Կիևին։ Դրա հետ մեկտեղ՝ Վրաստանը ՌԴ-ի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ չի կիրառում, որոնք կարող են քաղաքական բնույթ ունենալ, որովհետև չի ցանկանում պատասխան պատժամիջոցների պատճառով ավելի բարդացնել իրավիճակը, ՌԴ հետ հարաբերությունները և տնտեսությունը հարվածի տակ դնել, քանի որ տնտեսական հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ»։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական