Քաղաքական

«Թուրքական կողմը բանակցությունների իմիտացիա է ստեղծում». թուրքագետ

«Թուրքական կողմը բանակցությունների իմիտացիա է ստեղծում». թուրքագետ

Radar Armenia-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով տարվող գործընթացին։

- Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների՝ սպասվող հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ։

- Անկեղծ ասած՝ դրական փոփոխությունների ակնկալիքներ չունեմ, եթե այդ փոփոխությունները մենք պայմանավորում ենք մենք մեր պետական շահով, որովհետև թուրքական գործելակերպը, վատ քողարկված նախապայմանները մնում են օրակարգում, թուրքական ապակառուցողական գործելակերպը շարունակում է մնալ, և այս պարագայում արագ ակնկալվող արդյունքը ուղիղ համեմատական է լինելու հայկական պետական շահերի հետընթացին կամ նահանջին։ Ուստի, կարծում եմ, Վիեննայում հանդիպումը պետք է լինի պրոցեսը թուրքական ցանկալի սցենարով ուղղորդելու համար։ Թե ինչքան հայկական կողմը կկարողանա դրան դիմադրել և արդյոք ցանկություն ունի դիմադրել, ցույց կտան դեպքերը և ժամանակը։ Ուզում եմ ավելացնել, որ ԱԳՆ խոսնակի հայտարարությունը հստակ ցույց է տալիս, որ այդ գործընթացում, անգամ մեր ցանկության պարագայում, հնարավոր չէ չտեսնել թուրքական ապակառուցողական ոճի դրսևորումները, մասնավորապես այն, որ շարունակում են հայ-թուրքական հարաբերությունները կապել Ադրբեջանի հետ՝ ասելով, որ Թուրքիան իր բոլոր քայլերը կոորդինացնում է Ադրբեջանի հետ, և նաև այն, որ այս պրոցեսը Թուրքիան ուղղակիորեն շաղկապել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ։ Այսինքն, հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց կլինի միայն այն պարագայում, երբ առաջընթաց լինի հայ-ադրբեջանական հարաբերություններում, իսկ հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթացը Հայաստանի պետականության շահերի հետ որևէ առնչություն չունի։ Դա Հայաստանի պետականության շահերի ոտնահարում է։

- Ո՞րն է Թուրքիայի ցանկալի սցենարը։

- Իմ կարծիքով՝ թուրքական ցանկալի սցենարը երեսուն տարի մնում է անփոփոխ։ Այդ սցենարի երեք բաղադրիչները բոլորիս է հայտնի։ Առաջինը՝ Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, երկրորդը՝ ստիպել, որ Հայաստանը ցեղասպանության միջազգային ճանաչման պրոցեսից դուրս գա կամ թուլացնի այդ պրոցեսը, և երրորդը՝ ճանաչի Կարսի պայմանագիրը կամ հայտարարի, որ Թուրքիայից հողային պահանջներ չունի։ Թուրքիայի ցանկալի սցենարը այսօր էլ շարունակում է մնալ դա, և բոլոր հայտարարությունները դրա վկայությունն են։ Կարող են ձևակերպումները, բառամթերքը մի փոքր փոխված լինել, բայց նպատակը շարունակում է մնալ նույնը, և թուրքական տարբեր պաշտոնյաներ չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակները նույնն են։ Հիմա առաջնային պլան է մղված և ավելի շատ խոսվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից, այսինքն, Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու՝ թուրքական երազանքից, բայց, վստահ եմ, այդ երկու կետերն էլ շարունակում են մնալ օրակարգում։

- ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ թուրքական կողմին առաջարկվել է առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է:

- Դա նշանակում է, որ թուրքական կողմը բանակցությունների իմիտացիա է ստեղծում՝ ցույց տալով, որ պրոցեսը գնում է, բայց իրականում սպասելով հայ-ադրբեջանական բանակցություններում իրենց համար ցանկալի առաջընթացի։ Ուստի բանագնացների հանդիպումները մենք կարող ենք համարել թուրքական կողմից տպավորության, իմիտացիայի ձևավորմանը նպաստող քայլ։ Ինչ վերաբերում է անձնագրով անձանց սահմանը հատելու թույլտվությանը՝ դա կարող է դիտարկվել որպես դրական քայլ, բայց Թուրքիան քանի որ առաջնորդվում է իմիտացիոն մղումներով, որևէ իրական դրական քայլ մինչև հիմա չի արել։ Մենք հիշում ենք, որ Երևան-Ստամբուլ օդանավի թռիչքը ներկայացվեց որպես դրական քայլ, բայց դա էլ չի կարող լինել դրական, որովհետև այդ թռիչքը նորություն չէ։ Տարիներ, նույնիսկ տասնամյակներ Երևան-Ստամբուլ ռեյսը գոյություն է ունեցել։ Թուրքիան դա փորձեց ներկայացնել իր կողմից արված առաջին քայլ։ Դիվանագիտական անձնագրերով սահմանը հատելու թույտվությունը կարող ենք դիտարկել նախաքայլ, բայց տեսնում ենք, որ անգամ այդ հարցում Թուրքիան հապաղում է և որևէ քայլ չի անում, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նա չի շտապում հայ-թուրքական հարաբերություններում, բայց շտապում է հայ-ադրբեջանական հարաբերություններում, և իր բանաձևը հենց այդպես էլ աշխատեցնում է՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում լինի արագ զարգացում, Արցախի հարցի ադրբեջանանպաստ արագ լուծում, իսկ հայ-թուրքական հարաբերություններում՝ ժամանակի ձգում, իմիտացիայի  ստեղծում և ավելի դանդաղ պրոցես, որը թույլ կտա հետևելու հայ-ադրեջանական պրոցեսում տեղի ունեցող զարգացումներին և, ըստ դրանց էլ, անել իրենց քայլերը։

- Չավուշօղլուն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին խոսելիս նշել է նաև համարձակ քայլերի անհրաժեշտության մասին՝ ասելով, որ կցանկանային հանդիպումը լիներ Հայաստանում կամ Թուրքիայում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Ինչու՞ են բանակցությունները երրորդ երկրում տեղի ունենում։

- Հանդիպումների աշխարհագրությունը համարձակության հետ կապ չունի։ Համարձակությունը այդ իմիտացիայից հրաժարվելն է, և Թուրքիայի արտգործնախարարը ևս անկեղծ չէ, որովհետև եթե համարձակություն ասելով հասկանում է հանդիպման վայրը, դա համարձակություն չէ, դրա համար նրա հայտարարությունը ավելի շատ պոպուլիստական է և մի փոքր էլ՝ դեմագոգիայի սահմաններին հասնող։ Բացի այդ՝ համարձակություն ասելով՝ Թուրքիայի արտգործնախարարը, իմ կարծիքով, նաև մեսիջ է հղում իշխանություններին՝ ավելի արագ անցնել այն կարմիր գծերը, որոնք մեր պետականության համար կարևոր են, ավելի արագ մեր հասարակությանը փորձել պատրաստել «խաղաղության», փորձել համոզել, որ Թուրքիայի հանդեպ թշնամանք պետք չէ ունենալ, որ Թուրքիան դրական երկիր է, որ հայերի ցեղասպանության հարցը պետք է դուրս գա օրակարգից։ Մոտավորապես այն, ինչ երեկ տեղի էր ունենում Ազգային ժողովում՝ իշխող ֆրակցիայի պատգամավորների ելույթներում։ Ես կարծում եմ, որ «ավելի համարձակ» ասելով Թուրքիայի արտգործնախախարը նաև նկատի ունի դա։

- Ամեն դեպքում, ինչու՞ բանակցությունները Հայաստանում կամ Թուրքիայում տեղի չեն ունենում։ ՀՀ ԱԳՆ խոսնակը նշում է, որ կարգավորման նախորդ փորձերի ժամանակ հանդիպումներ Հայաստանում և Թուրքիայում եղել են, բայց դրանք արդյունքի չեն հանգեցրել։

- Ես էլի այն կարծիքին եմ, որ աշխարհագրությունը այդքան էլ կապ չունի պրոցեսի հաջողության հետ։ Այո, հարևան երկրներ են, տրամաբանական է, որ հանդիպումները կարող են լինել այդ երկրների տարածքում, բայց խնդիրը մի փոքր ավելի խորն է։ Հայ-թուրքական հարաբերությունները պարզ, երկու հարևան երկրների հարաբերություններ չեն։ Հայ-թուրքական հարաբերությունները համաշխարհային պրոցեսների մի մաս են և, կարող ենք համարել, համաշխարհային չլուծված խնդիրների առաջին տասնյակում գտնվող հարցերից մեկը։ Ուստի, ուղղակի պարզունակ վերլուծություն անել, որ եթե հանդիպումները լինեն այսինչ երկրներում, ապա առաջընթացն ավելի արագ կլինի, տրամաբանական չէ։ Երկրորդ, Թուրքիան եթե կողմ է ուղիղ, երկկողմ բանակցությունների, այդ իմաստով դա ազնիվ չէ, որովհետև հայ-թուրքական հարաբերությունները համաշխարհային քաղաքականության մաս են, և գերտերությունները կամ, առնվազն, երեք այդպիսի պետություն՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, միշտ էլ  դերակատարում, մասնակցություն ունեցել են հայ-թուրքական հարաբերություններում, որովհետև խնդիրները միջազգային են, ուստի դա իջեցնել երկու հարևան երկրների միջև տեխնիկապես հարաբերություններ հաստատելու մակարդակին, ճիշտ չէ։ Հարցի մյուս կողմը, որը էլի թուրքական ոչ անկեղծությունն է ցույց տալիս, այն է, որ եթե հայ-թուրքական հարաբերություններում նրանք իրոք ուզում են երկկողմ բնույթ տեսնել, ապա երեսուն տարի ինչու՞ էին հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում Արցախի խնդրով։ Այսինքն, իրենք իրենց հայտարարությամբ հակասում են իրենց քայլերին։ Չավուշօղլուն իր այս հայտարարությամբ քննադատում է Թուրքիայի՝ վերջին երեսուն տարվա գործելաոճը, որովհետև իրենք են երկկողմ հարաբերությունները տարել և կապել այլ խնդիրների հետ, դիցուք, Արցախի և հայ-ադրբեջանական խնդրի հետ։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական