ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ժնևում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպմանը՝ այն գնահատելով դրական։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա նշել է. «Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը գնահատում եմ դրական։ Կարող եք ամեն ինչ կարդալ նաև ներկայացուցիչների կողմից արված հայտարարության մեջ։ Կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների և որ գործընթացի վերջնարդյունքը հարաբերությունների կարգավորումն է և, իհարկե, մեզ համար, Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը»։
Ըստ Միրզոյանի, երկրորդ հանդիպման ժամանակ շատ ավելի կոնկրետ է եղել քննարկումը. «Միևնույն ժամանակ, կարծում եմ, բոլորս հասկանում ենք, որ շատ շոշափելի արդյունքներ նույնիսկ երկրորդ հանդիպման համար ակնկալել դժվար է՝ մի գործընթացի, որը պետք է լուծումներ տա հարյուրամյակների և տասնամյակների խնդիրներին»։
Խոսելով Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության հնարավորության մասին, նա նշել է, թե առայժմ որոշում չկա. «Հուսով եմ կհամաձայնեք, որ աշխարհում, թույլ տվեք ասել, շատ սրընթաց կերպով են իրադարձությունները զարգանում և փոփոխվում՝ ամեն օր, ամեն վայրկյան։ Եվ, ըստ էության, նախկինում նույնիսկ կարճաժամկետ թվացող իրադարձությունները այժմ բավականին երկար են։ Երբ որ ժամկետները մոտենան, որոշում կկայացնենք»։