Քաղաքական

Մինսկի խմբի եռանախագահությունը, որպես միասնական մարմին, գործել չի կարող. Ղուկասյան

Մինսկի խմբի եռանախագահությունը, որպես միասնական մարմին, գործել չի կարող. Ղուկասյան

Ապրիլի 8-ին Մոսկվայում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում, ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հրաժարվել են Մինսկի խմբի եռյակում համագործակցել ՌԴ-ի հետ։

Արարատ Միրզոյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոկֆոյի հետ, ով վերահաստատել է՝ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ինչպես երկկողմ  հարաբերությունների հիման վրա, այնպես էլ՝ որպես ՄԽ համանախագահ։ 

ԱՄՆ-ի պետքարտուղարությունից նույնպես հայտնել են, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին ՝ ԵԱՀԿ ՄԽ կարողությունների շրջանակում։ 

Radar Armenia-ի հետ զրույցում «Հայ կառուցողական» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։

- ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն այս իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում, Մինսկի խումբն ապագա ունի՞։

- Այս պահի դրությամբ ո՛չ Հայաստանը, ո՛ր Ադրբեջանը չեն դիմի ԵԱՀԿ գործող նախագահին առ այն, որ իրենք դուրս են գալիս ԵԱՀԿ հովանու ներքո Արցախի կարգավիճակի և Արցախի խնդրի կարգավորման գործընթացից։ Միաժամանակ, Հայաստանը և Ադրբեջանը նոր ձևաչափով են սկսել համագործակցել՝ երկկողմ բանակցությունների միջոցով, ինչը վկայում է, որ այս պահին, կարելի է ասել, գոյություն ունի անցումային փուլ։ Հին ձևաչափը դեռ պաշտոնապես չի ավարտվել, որովհետև կողմերը չեն հրաժարվել այդ ձևաչափից։ Մյուս ձևաչափը արդեն մեկնարկել է, որովհետև կողմերը համաձայնվել են դրանով համագործակցել։ Սա սահմանային իրադրություն է՝ միջազգային հարաբերությունների տեսակետից, որովհետև միաժամանակ երկու ձևաչափ չի կարող լինել որևէ խնդրի կարգավորման համար։ Այս իրավիճակը ստեղծվել է Ռուսաստանի գործողությունների հետևաքնով. Ռուսաստանը ճանաչվել է ԵԱՀԿ պետությունների մեծամասնության կողմից որպես ագրեսոր, Հելսինկյան ավարտական ակտը խախտող պետություն, ուստի և իր գործունեությունը ԵԱՀԿ կառույցներում դադարեցված է, այսինքն, ենթարկվում է քաղաքական բոյկոտի։ Մինսկի խմբի եռանախագահությունը, որպես միասնական մարմին, գործել չի կարող։ Մենք տեսանք, որ Ֆրանսիայի համանախագահը այցելեց Հայաստան և հավաստիացրեց, որ Ֆրանսիան իր պարտականությունները՝ որպես միջնորդ հանդես գալու, շարունակում է պահպանել և պատրաստ է դա իրականացնել թե երկկողմանի ձևաչափով, թե որպես Մինսկի խմբի համանախագահ։ Հավանաբար, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ էլ ԱՄՆ-ն չեն համարում, որ Ռուսաստանի իզոլացիայի պատճառով իրենք էլ իրենց դերակատարությունը Արցախի խաղաղ կարգավորման հարցում պետք է կորցնեն, բայց իրենք չեն ընդունում Ռուսաստանի դերակատարությունը։

- Այդ դեպքում ինչպե՞ս են համագործակցելու

- Չեն համագործակցի։ Հավանաբար, ԼՂ հարցը կարգավորվելու է այն բանից հետո, երբ կհանգուցալուծվի Ռուսաստանի կողմից Հելսինկյան ավարտական ակտի թույլ տված խախտումը։

- Ի՞նչ պետք է անի Հայաստանը նման իրավիճակում

- Իմ կարծիքով՝ Հայաստանը պետք է ճանաչի Արցախը։ Այն, որ Հայաստանը դա չի անում, գնում է Ադրբեջանի հետ նոր ձևաչափ ձևավորելու, այդքան էլ ուժեղ քայլ չէ։ Մենք անընդմեջ լսում ենք իշխանություններից, այսօր էլ՝ իշխանության ներկայացուցիչներից մեկը հայտնեց, որ Հայաստանին սպառնում է պատերազմ, իսկ հայ ժողովրդին՝ ոչնչացում։ Նման պայմաններում, իհարկե, միջազգային պայմանագրեր չեն կնքվում։ Առհասարակ, սպառնալիքի ազդեցության տակ կնքվող պայմանագիրը՝ միջազգային հարաբերությունների տեսանկյունից, առոչինչ է։ Եվ եթե իշխող ուժի ներկայացուցիչները պարզապես չեն չափազանցնում և այդպես ներկայացնում իրավիճակը, այլ՝ իսկապես Հայաստանին սպառնում է ոչնչացում և օկուպացիա, նման պայմաններում խաղաղության պայմանագիր կնքելու միջազգային իրավունքը հնարավորություն չի նախատեսում։ Նման պայմաններում յուրաքանչյուր կողմ իրավասու է միակողմանի քայլերով իր դիրքորոշումը կարգավորել։ Հայաստանը ունի խնդիր՝ կարգավորել իր դիրքորոշումը Արցախի նկատմամբ։ Այսօրվա պայմաններում, երբ ակնհայտ է, որ Ադրբեջանը խախտել է խաղաղ բանակցությունների սկզբունքը, ուժ չգործադրելու սկզբունքը, որոնք միջազգային սկզբունքներ են, Հայաստանի համար ճանապարհ է բացված՝ ճանաչել Արցախը։ Ես համարում եմ, որ դա է ամենաճշգրիտ գործողությունը, որը Հայաստանը կարող է անել։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական