Քաղաքական

«Հայ-թուրքական հարաբերություններում պետք է առաջնորդվել համազգային շահերով». Շահան Գանտահարյան

«Հայ-թուրքական հարաբերություններում պետք է առաջնորդվել համազգային շահերով». Շահան Գանտահարյան

Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրներում չպետք է անջատել Հայաստանի, Արցախի կամ Սփյուռքի տեսակետները։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը իրատեսական համարու՞մ եք։ 

- Անկարան փորձում է ճշտել խաղի կանոնները՝ Անկարա-Երևան և Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորումները փոխկապակցելով, ինչը վաղեմի առաջադրանք էր։ Հիմա երկրորդական պլան են մղվել Անկարայի դասական նախապայմանները։ Շատ ավելի հրատապ են դարձել Զանգեզուրի միջանցքը, կամ, առհարասարակ, Ադրբջանի հետ սահմանազատումն ու սահմանագծումը։ Ավելի գլոբալ առումով՝ Անկարան փորձում է լուծել տարածաշրջանային առումով ազդեցությունների գոտիների բաշխման խնդիրը՝ 3+3 ձևաչափով։ Նկատենք, որ այն ավելի տեսանելի է դարձել Ուկրաինայի պատերազմի ընթացքում Վրաստանի հայտարարություններով։

- Սփյուքը ի՞նչ դիրքորոշում ունի՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու հետ կապված։

- Պարզ է, որ երկու ուղղություններով բանակցությունները զուգահեռ գնալու են։ Կարծում եմ՝ կարգավորման խնդիրներում չպետք է անջատել Հայաստանի, Արցախի կամ Սփյուռքի տեսակետները։ Դա նաև բխում է հակառակորդի շահերից։ Անկարայի պատասխանատուները միշտ ասել են, որ կարգավորման գործընթացին խանգարում են Սփյուռքի լոբբիստական խմբավորումները։ Այստեղ պետք է առաջնորդվել համազգային շահերով և պետական մտածողությամբ։ Ապաշրջափակումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը բնական գործընթացներ են։ Պիտի աշխատել, որ դրանք լինեն արժանապատիվ և ոչ՝ մեր իրավունքների հաշվին, իսկ դա  ամրագրված է Սահմանադրության հիմք հանդիսացող Անկախության հռչակագրում՝ «...գիտակցելով իր պատասխանատվությունը՝ հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում», և, իհարկե, նույն հռչակագրում ամրագրված 11-րդ կետը՝ «ՀՀ-ն սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական