Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին, որոնց նպատակն է՝ համայնքների ավագանիներին միջնաժամկետ ծախսերի ծրագրեր կազմելու հնարավորություն տալ։
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրերի կազմման գործընթացը հնարավորություն կտա՝ կառավարել համայնքի ֆինանսական ռեսուրսները. «Նպատակը համայնքների համար միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման գործընթացի օրենսդրական կարգավորումն է, որը հնարավորություն կտա համայնքին՝ միջնաժամկետ կառավարել համայնքի ֆինանսական ռեսուրսները, որն էլ հիմք կհանդիսանա համայնքի բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար»։
Սանոսյանի ներկայացմամբ՝ համայնքի ավագանին մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ը կհաստատի համայնքի միջնաժամկետ ծախսային ծրագիրն՝ առաջիկա երեք տարիների համար, այն կհրապարակի և կներկայացնի մարզպետին. «Միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմման համար հիմք է հանդիսանում համայնքի զարգացման 5-ամյա ծրագիրը»։
Համաձայն նախագծի հիմնավորման՝ համայնքի կողմից միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակումը հնարավորություն կտա առավել իրատեսական ու առարկայական դարձնել զարգացման ծրագիրը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ նման նախագծերն առավել կարևոր են սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրներում, որտեղ ռեսուրսները պետք է կառավարել մաքսիմալ արդյունավետ։
Օրենսդրական կարգավորումը պետական և ՏԻՄ բյուջեներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում։