Այսօր հայտարարվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի որակավորման մրցույթը։
ՀՀ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ այս նախագիծը ռազմավարական մեծ նշանակություն ունի Հայաստանի համար:
Վարչապետի խոսքով՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կոտեքստում Հյուսիս-հարավ նախագիծը վերաձևակերպվել է և դարձել Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք նախագիծ. «Հույս ունենք, որ մեծ տեմպերով կիրականացնենք այս նախագիծը: Սա նշանակում է, որ Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք նախագծի կամ, եթե կարճ ասենք, Հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը կկապի Հայաստանից դեպի Իրան, մյուս ճյուղը՝ Ադրբեջան-Հայաստան, հետագայում նաև՝ Նախիջևան-Թուրքիա»։
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ այժմ կոնկրետ աշխատանքներ են իրականացվում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար. «Տեխնիկական և նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել ենք: Առաջիկայում հույս ունենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով, և, արդեն դե յուրե, գործընթացն ամբողջ թափով կծավալվի»։
Սիսիան-Քաջարան ճանապարհի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը. «Քաջարան-Սիսիան հատվածի իրականացման համար 6 տարի ժամկետ է նշվում։ Այստեղ կլինեն 4,7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ, 12 կմ-ից ավել թունելային հատվածներ։ Դրանք 5 թունելներ են, որոնց միայն մեկի երկարությունը 8.,6 կմ կլինի»։