Քաղաքական

Պուտինը վարում է ռուսական հողերի հավաքման քաղաքականություն. Սուրենյանց

Պուտինը վարում է ռուսական հողերի հավաքման քաղաքականություն. Սուրենյանց

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու մասին։ Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։

- Պարոն Սուրենյանց, ըստ Ձեզ՝ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու վերաբերյալ Ռուսաստանի քայլերն ի՞նչ հետևանք կարող են ունենալ։

- Դոնբասի ինքնահռչակ երկու հանրապետությունների ճանաչմանը միտված քաղաքականության գաղափարական հիմքերը դրվել են դեռևս 15 տարի առաջ՝ Պուտինի Մյունխենյան ելույթով։ Այդ ելույթը, ըստ էության, արևմուտքում գրանցվեց որպես սառը պատերազմի կոչնակ։ Դրանից հետո Պուտինը հետևողականորեն վարում է «ռուսական հողերի հավաքման» քաղաքականություն։ Հետևանքները տարբեր կարող են լինել։ Միանշանակ, Արևմուտքի կողմից լինելու են պատժամիջոցներ։ Արդեն երեկ այդ մասին հայտարարել են արևմտյան բոլոր առաջնորդները։ Դա անխուսափելի կլինի, բայց ես կարծում եմ՝ նույնիսկ երեկվա ճանաչումից հետո դիվանագիտական հնարավորությունները, ավելի մեծ աղետից խուսափելու համար, սպառված չեն։

- Արդյո՞ք սա կարող է հանգեցնել Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարվածության և էսկալացիայի։

- Լարվածություն արդեն կա, հիմա, եթե գործի չդրվեն դիվանագիտական լուրջ ջանքեր և գործիքակազմ, իրավիճակը կարող է բերել գլոբալ բախումների։ Ըստ էության՝ միաբևեռ աշխարհն այլևս գոյություն չունի, և ստեղծվում է բազմաբևեռ աշխարհ, որը կարող է կայանալ կա՛մ պատերազմների միջոցով, կա՛մ դիվանագիտական համաձայնություններով։ Իհարկե, երեկ Ռուսաստանը անցավ կարմիր գիծը՝ Արևմուտքի դիտանկյունից, բայց սա այն դեպքն է, որ դեռևս պահպանվում են դիվանագիտական շփման հնարավորությունները։ Կարծում եմ՝ թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում գիտակցում են, որ լարվածության պահպանումը կամ ավելացումը որևէ դրական բանի չի բերելու։ Ի վերջո, փոխզիջումներ բոլորի կողմից են պահանջվում, այդ թվում՝ Ռուսաստանի։ 

- Արդյո՞ք հնարավոր են ռազմական գործողություններ Ուկրաինայի տարածքում։

- Ոչ։ Ուկրաինական զորքերի և ռուսական ստորաբաժանումների միջև լոկալ մարտեր հնարավոր է, ինչի ականատեսն ենք հիմա էլ։ Ինչ վերաբերում է՝ արդյո՞ք Դոմբասով կբավարարվի Ռուսաստանը, թե ավելի առաջ կգնա, պատասխանելը դժվար է։ Դժվար է հաշվարկել՝ զորքերի կուտակումն ու պատերազմի սպառնալիքը քողածածկո՞ւյթ էր Պուտինի համար՝ Դոնբա՞սը ճանաչելու նպատակով, թե՞ Դոնբասի ճանաչումն է քողածածկույթ՝ Ուկրաինան օկուպացնելու և այնտեղ վարչակարգ փոխելու համար։ Գոնե այս պահին ես կարծում եմ, որ Պուտինը սահմանափակվելու է առայժմ Դոնբասով, որովհետև Դոնբասը փաստացի արդեն 8 տարի ուկրաինական վերահսկողության տակ չէ, այսինքն՝ Ռուսաստանը ճանաչել է այն, ինչը փաստացի իրենն էր 8 տարի։ Բայց եթե նրանք փորձեն առաջանալ դեպի Ուկրաինա, այստեղ պրոցեսները շատ ավելի անկանխատեսելի կլինեն, որովհետև սա արդեն հակամարտությունը բերելու է էսկալացիայի՝ միանգամայն այլ մակարդակի։ 

- Նմանություններ տեսնու՞մ եք վրաց-օսեթական կոնֆլիկտի և սրա միջև։

- Նմանությունն այն է, որ Պուտինի նույն քաղաքականության տարբեր դրսևորումներն են։ Նա փորձում է միավորել ռուսական աշխարհը և զբաղված է ռուսական հողերի «հավաքման» գործընթացով։ Բայց, միևնույն ժամանակ, արմատական տարբերություններ կան աշխարհում, որովհետև, ամեն դեպքում, անցել է 14 տարի։ Վրացական դեպքերից հետո սկսվեց Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ մերձեցման քաղաքականությունը, և 2008թ. միաբևեռ աշխարհը շատ ավելի ուժեղ էր, քան այսօր։ Միևնույն ժամանակ, 2008թ. Արևմտյան երկրները չէին սպասում Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին, իսկ այսօր արդեն ոչ միայն սպասում են, այլև տարբեր սցենարներով կանխատեսում, թե Ռուսաստանը ինչ է անելու։ Եվ Արևմուտքը, հակազդեցության տեսակետից, շատ ավելի պատրաստ վիճակում է գտնվում։ Մի բան ակնհայտ է՝ երկու կողմն էլ պիտի հրաժարվեն իրենց մաքսիմալիստական օրակարգերից, հակառակ պարագայում գլոբալ աղետը անխուսափելի կլինի։

Լուսինե Գրիգորյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական