ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է փետրվարի 19-ին Մյունխենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հանդիպումը։
Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ ամիսներ առաջ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ կատարած իր պատմական այցով (որն, ի դեպ, Հայաստանի անկախությունից ի վեր, Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, Հայաստանի նախագահի առաջին այցն էր) մեկնարկած երկխոսությունը երկու երկրների միջև հարաբերությունների նոր էջ է բացում:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին Մյունխենում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Կողմերը մտեքեր են փոխանակել Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների և համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման գործում։