Երևան

«Երբ խոսքը հանրային շահի մասին է, չի կարող որևէ այլ իրավական հիմնավորում լինել». քաղաքապետ

«Երբ խոսքը հանրային շահի մասին է, չի կարող որևէ այլ իրավական հիմնավորում լինել». քաղաքապետ

Տեղումների ծավալը գերազանցում է նորմը, որի հետևանքով քաղաքում առաջանում են ջրականգեր: «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկած հեղեղատար համակարգերն անմխիթար վիճակում են: Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով: Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ներկայացրեց,  որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականը կատարված է, այսինքն՝ ուսումնասիրվել է բացառապես գոյություն չունեցող համակարգի խնդիրը և եղած, բայց ոչ թողունակ կամ քայքայված, կիսատ-պռատ գործող հեղեղատար համակարգի վերակառուցման խնդիրը: 

Հստակեցվել է նաև վարչական շրջանների բակային տարածքներում գործող և շարքից դուրս եկած հեղեղատար համակարգի վիճակը: Բակային տարածքների հեղեղատար համակարգը գործում է մոտ 40 տոկոսով, բազմաբնակարան շենքերն սպասարկողը մեծամասամբ նպատակին չի ծառայում: Մայրաքաղաքի 29 հասցեում (18,8 կմ-ոց) հեղեղատար համակարգը բացակայում է, առկա է կառուցելու անհրաժեշտություն, միևնույն ժամանակ 7,2 կմ-ոց հատվածում էլ համակարգը պետք է վերակառուցել: 

Նշվեց, որ մոտ 28 կմ-ոց հեղեղատար համակարգ կառուցվել է  ճանապարհաշինական նոր ծրագրերի ընթացքում:

«Մենք «Վեոլիա Ջրի»  հետ քննարկել ենք խնդիրը, ընկերությունը պետք է բարելավի սպասարկումը»,-ընդգծել է Արեյանը և հավելել, որ նրա հետ պայմանագիրը վերանայելու առաջարկը դրական է գնահատվել:  

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ քաղաքապետարանը պետք է ունենա որոշակի քանակի տեխնիկական միջոցներ, ինչը հնարավորություն կտա համապատասխան աշխատանքներ կատարել: 
***
Աղբահանության խնդիրն էապես կարգավորվել է: 18.5 խմ տարողությամբ «Կամազ» մակնիշի նոր մեքենաներն անցել են աշխատանքի: Աղբահանությունն ավելի կառավարելի դարձնելու նպատակով նախատեսվում է աշխատանքներին հետևել GIS համակարգով: Աղբամանները թվայնացնելու փուլն արդեն ավարտվում է:  
***
Առաջիկա օրերին միջին նորոգման աշխատանքներ են սկսվելու Աջափնյակ վարչական շրջանի Լենինգադյան  փողոցում, Շենգավիթ վարչական շրջանի Ղարիբջանյան փողոցում և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Բաբայան փողոցում: Մայրաքաղաքի մի շարք հասցեներում աշխատանքներն ավարտված են:  Փոսային նորոգում է կատարվում Շենգավիթ, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում: Քաղաքապետը  հանձնարարել է քաղաքացիներից ստացված ահազանգերը ևս համարել առաջնային: 
***
Շարունակվում է ջերմոցատնկարանային վարչության ընդլայնման գործընթացը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կարևոր է զարգացնել լաբորատոր կարողությունները: 
«Մենք այս մակարդակում նվազագույնը պետք է վստահ լինենք, որ փոքր տնկիներն առողջ են և համապատասխանում են սպասելիքներին: Մենք պետք է վստահ լինենք, որ ապագայում  «տնային պայմաններում»  չենք ստանում վերջնարդյունքը»,- նշել է քաղաքապետը: 
***
Երևանյան լճի տարածքում տնկվել է 130 արժեքավոր ու  հասուն ծառատեսակ և 2150 թփատեսակ: Լճի ամբողջ տարածքը մաքրվել է:
***
Երևանի քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում՝ անմխիթար վիճակում հայտնված վարձակալությամբ տրամադրված այգիները համայնքին վերադարձնելու համար: Ի դեպ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հարակից այգին ևս վարձակալված է: 

«Սա այն կարևոր խնդիրներից է, որին պետք է անդրադառնանք: Շատ կանաչ տարածքներ, այգիներ, որոնք նախկինում վարձակալության են տրվել խրթին իրավական գործընթացների պատճառով, անմխիթար վիճակում են: Երևանցիները մեզանից են պահանջում այդ խնդրի լուծումը, մենք գնում ենք այդ լուծմանը: Ես կոչ եմ անում բոլոր այն  վարձակալներին, որոնք  այգիներն անմխիթար վիճակում են թողել, պարզապես իրենց կամքով գալ և խզել պայմանագրերը, որովհետև վաղ թե ուշ դա տեղի է ունենալու: Մենք մեր առջև դրած խնդիրը լուծելու ենք: Երբ խոսքը հանրային շահի մասին է՝ չի կարող որևէ այլ իրավական հիմնավորում լինել հակառակ գնալու համար: Ինձ համար սա տարօրինակ և անընկալելի է»,- շեշտել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական