Երևան

«Հանրակրթության ոլորտում աշխատում են անձնվեր մարդիկ». Տիգրան Ավինյան

«Հանրակրթության ոլորտում աշխատում են անձնվեր մարդիկ». Տիգրան Ավինյան

Համայնքային մանկապարտեզներում մինչև 30%-ով կբարձրանա աշխատակիցների աշխատավարձը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ներկայացվել են 2023թ. իրականացված ու այս տարի հանրակրթության ոլորտում նախատեսվող ծրագրերը:

«Հանրակրթության բնագավառի բարեփոխումները եղել և մնում են մեր հիմնական առաջնահերթությունը: Երևանում տասնյակներով հիմնանորոգվում են մանկապարտեզներ, և մեր երեխաների համար ստեղծվում են հարմարավետ պայմաններ ու մատուցվում ավելի որակյալ ծառայություններ: 2024թ. ընթացքում Երևանում մինչև 30%-ով իրականցնելու ենք մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի վերանայում, իհարկե, սա այն չափը չէ, որը կուզենայինք, բայց սա դեռ սկիզբն է, և ես վստահ եմ, որ մեր բարեփոխումների այս ընթացքը շարունակական է լինելու»,- ընդգծել է քաղաքապետ Ավինյանն ու հանձնարարել բարեփոխումներին ու ոլորտին հատկացվող աջակցությանը զուգահեռ մեծացնել պահանջներն ու մանկապարտեզներում հստակեցնել վերահսկողությունը:
***
Համայնքին մատակարարված 30 նոր ավտոբուսները շուտով կհամալրեն երևանյան երթուղիները: Տրանսպորտային համակարգի բարեփոխումների ընթացքում մայրաքաղաքում համար կառանձնացվեն հատուկ գծեր: Փոփոխություններն իրականացվում են հաշվի առնելով փողոցը սպասարկող հասարակական տրանսպորտի երթուղիների քանակն ու օրվա ծանրաբեռնված ժամերին փողոցների թողունակությունը: Նախագիծն իրականացնելու ընթացքում համայնքը գործակցում է նաև Իլ դը Ֆրանս շրջանի գործըկերների հետ:  
***
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կշարունակի համալրվել նոր շարժակազմով: Համայնքը նախատեսում է ձեռք բերել ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս: Գործընթացն ընթացքում է: 
***
Մասնավորի հետ գործակցությամբ մայրաքաղաքում կշարունակվի ինքնատիպ լուծումներով նոր կանգառասրահների տեղադրման գործընթացը: 
***
4-րդ կարգի վթարայնության Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչները տասնամյակների սպասումից հետո նոր բնակարաններ կունենան: Պետություն –  համայնք - կառուցապատող գործակցությամբ վթարային շենքերի տեղում կկառուցվի նոր շենք: 
***
Ավարտական փուլում է ս.բ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածի հիմնանորոգումը: Հանգստի գոտին  կառանձնանա նոր լուծումներով: 
***
Կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների համար մայրաքաղաքում կգործեն նոր չափորոշիչներ. փոփոխություններ են կատարվել քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերում: 
«Կենսաապահովման ոլորտում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացել, բայց վերականգնման հետ կապված համայնքը բազմաթիվ խնդիրներ է ունեցել, ինչից ելնելով էլ նոր չափորոշիչներ են սահմանվել: Մենք ունեցել ենք վատ փորձ և վերահսկողության խնդիր: Այսուհետ, որտեղ տրվում է շինթույլտվություն կամ իրականացվում են վթարների վերացման աշխատանքներ, վերահսկողության վարչությունն ու վարչական շրջանները պետք է մշտական հսկողության տակ պահեն ողջ գործընթացը»,- շեշտել է քաղաքապետը: 
***
Քաղաքի ձևավորմանն առնչվող ճարտարապետական և գեղարվեստական լուծումների ու բարեկարգման գործում միասնական մոտեցում կցուցաբերվի. վարչական շրջաններում սկսված է ստանդարտացման գործընթաց: Համայնքն, ի դեպ, դիտարկում է փոփոխություն անել նաև կատարված աշխատանքների սպասարկման կարգում՝ ժամկետ սահմանելով նվազագույնը երեք տարի: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական