Հնդկաստանի և Պակիստանի զինված ուժերը տասնամյակներ շարունակ ռազմական բախումների ընթացքում կիրառել են ժամանակակից կործանիչներ, հրթիռային համակարգեր և հրետանի։ Սակայն մայիսին տեղի ունեցած չորսօրյա մարտերն առաջին դեպքն էին, երբ երկու կողմերն էլ լայնորեն օգտագործեցին անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։
Մարտերը դադարեցվեցին ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Reuters-ի փոխանցմամբ, Հնդկաստանը և Պակիստանը, որոնք միայն անցյալ տարի պաշտպանության վրա միասին ծախսել են ավելի քան 96 միլիարդ դոլար, ներկայում ներգրավված են ԱԹՍ-ների սպառազինության մրցավազքի մեջ։
Երկու աղբյուր Reuters-ին հայտնել է, որ միջուկային զինանոց ունեցող այս երկրները, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կավելացնեն ԱԹՍ-ների կիրառումը, քանի որ նման սարքերը թույլ են տալիս փոքրածավալ հարձակումների միջոցով խոցել թիրախներ՝ առանց անձնակազմի կորստի կամ հակամարտության անվերահսկելի սրման վտանգի։
Հնդկաստանը ծրագրում է խոշոր ներդրումներ կատարել տեղական ԱԹՍ արդյունաբերությունում։ Հնդկաստանի ԱԹՍ-ների ֆեդերացիայի ներկայացուցիչ Սմիթ Շահը, որը ներկայացնում է ավելի քան 550 ընկերություն և համագործակցում է կառավարության հետ, նշել է. «Առաջիկա 12-24 ամիսների ընթացքում Հնդկաստանը կարող է ԱԹՍ-ների վրա ծախսել մինչև 470 միլիոն դոլար, ինչը մոտ երեք անգամ գերազանցում է հակամարտությունից առաջվա ծախսերը»։