ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը պաշտոնապես ընդունել է 400 մլն դոլար արժողությամբ Boeing 747 ինքնաթիռը, որը Կատարը նվիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին մայիսի 21-ին հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պենտագոնին։
Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Շոն Փարնելը հայտարարել է, որ օդանավը կվերասարքավորվի, որպեսզի «ապահովի պատշաճ անվտանգություն, նախքան այն կդառնա Air Force One նախագահական բորտ: Ներկայիս և նախկին պաշտոնյաները CNN-ի լրագրողներին ասել են, որ նման արդիականացումը կարող է տևել երկու տարի և մի քանի անգամ ավելի թանկ արժենալ, քան ինքնաթիռի արժեքը:
Միևնույն ժամանակ, իրազեկ աղբյուրը հեռուստաալիքին պատմել է, որ ինքնաթիռի փոխանցման գործարքը դեռ չի ավարտվել, և իրավաբանական թիմերի միջև բանակցությունները շարունակվում են: