Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակությունն արդեն երկրորդ օրն է շարունակում է սպասել ուկրաինացի բանակցողների հետ հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է ռուսական «Интерфакс»-ը։
«Վաղն առավոտյան ժամը 10։00- ից մենք կսպասենք ուկրաինական կողմին, որը պետք է ժամանի հանդիպմանը», - հինգշաբթի ուշ երեկոյան ռուս լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:
ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների ուղիղ բանակցությունները պետք է մեկնարկեին Դոլմաբահչեի նախագահական պալատում հինգշաբթի՝ մայիսի 15-ին, սակայն այդպես էլ չսկսվեցին:
Ուկրաինական պատվիրակությունը նախօրեին Անկարա էր ժամանել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Զելենսկին հայտարարել է, որ ռուսական կողմի հետ բանակցությունների համար պատվիրակություն է ուղարկում՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ:
ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած ռուսական պատվիրակությունը առավոտից մինչև ուշ երեկո սպասել է ուկրաինացի բանակցողներին, օրվա վերջում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ և վերադարձել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն՝ ուրբաթ օրը բանակցություններ վարելու պատրաստակամությունը հաստատելու համար: