ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Ուկրաինայի էներգահամակարգի վրա Ռուսաստանի օդային հարձակման մասին։
Ավելի վաղ Ռուսաստանը հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համակցված հարվածներ է արձակել ուկրաինական քաղաքների և էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ: Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ հարձակումը հանգեցրել Է Ուկրաինայի խաղաղ բնակիչության կորստի և ուղղված է եղել ավելի քան երկու տասնյակ կրիտիկական էներգետիկ օբյեկտների դեմ:
«Ես ամենավճռական ձևով դատապարտում եմ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմը և ուկրաինացի ժողովրդին խավարի մեջ ընկղմելու նրա փորձերը։ Թույլ տվեք հստակ ասել՝ Ռուսաստանը երբեք հաջողության չի հասնի Ուկրաինայում, և ուկրաինացի ժողովրդի ոգին երբեք չի կոտրվի։
Ինչպես ես հայտարարեցի հուլիսին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, ԱՄՆ-ը և մեր դաշնակիցները Ուկրաինային տրամադրեցին հակաօդային պաշտպանության հինգ լրացուցիչ ռազմավարական համակարգեր, և ես փոխեցի ՀՕՊ միջոցների ամերիկյան արտահանման առաջնահերթությունները, որպեսզի դրանք առաջին հերթին ուղարկվեն Ուկրաինա։ ԱՄՆ-ն նաև էներգետիկ սարքավորումներ է մատակարարում Ուկրաինային՝ իր համակարգերը վերանորոգելու և Ուկրաինայի էներգետիկ ցանցի կայունությունը բարձրացնելու համար:
Ուկրաինան մնում է ազատ, ինքնիշխան և անկախ պետություն, և ուկրաինացի զինվորականներն ամեն օր կռվում են՝ պաշտպանելով իրենց հայրենիքն ու ազատությունը: ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի ժողովրդին այնքան ժամանակ, քանի դեռ նա հաղթանակի չի հասել»,- ասվում է Բայդենի ուղերձում։