Ռուսաստանի Սարատով և Էնգելս քաղաքները երկուշաբթի առավոտյան ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման․ հայտնում են ռուսական Telegram ալիքները: Էնգելսում հարձակման է ենթարկվել օդանավակայանը, որտեղ տեղակայված են ТУ-95 ռազմավարական ռմբակոծիչները․ դրանցից 11-ը հարվածի պահին գտնվել են օդում։
Էնգելսի հարևան Սարատովում հարձակման հետևանքով վնասվել է 38-հարկանի բնակելի շենքը։ Baza Telegram-ալիքը հրապարակել է Volga Sky բնակելի համալիրի բարձրահարկ շենքին անօդաչու թռչող սարքի հարվածի տեսանյութը:
Տուժած շենքից մինչև Էնգելսի ռազմական օդանավակայան հեռավորությունը 12 կմ է: Սարատովն ու Էնգելսը գտնվում են միմյանց դիմաց՝ Վոլգայի աջ և ձախ ափերին։ Քաղաքների հեռավորությունը Ուկրաինայի հետ սահմանից ուղիղ գծով մոտ 700 կմ է: