Ուկրաինայի պետական դրոշի և անկախության օրվա նախօրեին նախագահ Վլադիմիր Զելենսկին և առաջին տիկին Ելենա Զելենսկայան 11 նշանավոր մարդկանց հանձնել են «Ազգային լեգենդ» մրցանակ:
Պարգևատրվածների թվում է եղել նաև կինոռեժիսոր, սցենարիստ, կոլաժի վարպետ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը: «Մենք հպարտ ենք, որ ունենք նման ուկրաինացիներ և նման ընկերներ, մենք անսահման երախտապարտ ենք և շատ ուրախ, որ ապրում ենք մի երկրում, որը միավորել է նման հարգված և տաղանդավոր մարդկանց», - ասել է Զելենսկին:
«Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակը սահմանվել է 2021 թվականին։ Այդ ժամանակից ի վեր նախագահն ամեն տարի այս մրցանակով պարգևատրում է այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել անկախ Ուկրաինայի կայացման և նրա պաշտպանության, ազգային տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, սպորտի, առողջապահության զարգացման, ինչպես նաև ակտիվ բարեգործական և հասարակական գործունեության մեջ: