Միջազգային

«ԵԱՏՄ-ի շնորհիվ Հայաստանի տնտեսական աճը տպավորիչ է». ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

«ԵԱՏՄ-ի շնորհիվ Հայաստանի տնտեսական աճը տպավորիչ է». ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի ղեկավար Միքայել Աղասանդյանը ՌԻԱ-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԵԱՏՄ-ում ՀՀ գործունեությանը․

«Մոսկվայի և Երևանի հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակներում հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Ակնհայտը դիտարկելու համար պետք չէ տնտեսագետ կամ քաղաքագետ լինել։ Այս միությունը ձեռնտու է Երևանին․ շատ առումներով հենց միության շնորհիվ են Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա դրսևորում, որով քչերը կարող են պարծենալ»,- ասել է Աղասանդյանը:

Անդրադառնալով Արևմուտքի հետ ՀՀ հարաբերություններին՝ նա նշել է. «Ինչ վերաբերում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ փոխգործակցության՝ Երևանի որդեգրած ուղեգծին, այստեղ մեր գործընկերներն ակնհայտորեն ընկել են ներդրումներ, տեխնոլոգիաներ և պայծառ ապագա խոստացող արևմտամետների թակարդը։ Այդ մոտեցումը ետխորհրդային տարածքում բազմիցս է եղել նրանց կողմից։ Իսկ թե ինչ դուրս եկավ դրանից, բոլորս շատ լավ գիտենք և տեսնում ենք։ Պետք է հասկանալ, որ արտատարածաշրջանային ուժերն ի վիճակի չեն օբյեկտիվորեն լուծել տարածաշրջանների հարցերը»։ 

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնյայի՝ այդ ուժերի գլխավոր նպատակը Ռուսաստանի հետ համագործակցության մեջ սեպ խրել է. «ԵԱՏՄ-ն փաստ է, իրականություն,  գործող առավելություններ ու ձեռքբերումներ։ Ակնկալում ենք, որ պրագմատիզմը և ողջախոհությունը թույլ չեն տա հրաժարվել դրանից՝ ի շահ երկարաժամկետ հեռանկարում անորոշության։ Ի վերջո, համեմատեք Հայաստանի առևտրաշրջանառության օբյեկտիվ ցուցանիշները ԵԱՏՄ երկրների և արտատարածաշրջանային խաղացողների հետ, և, ինչպես ցանկացած անաչառ դիտորդի, ամեն ինչ ձեզ հասկանալի կդառնա»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական