Ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները պաշտոնապես մեղադրել են Իրանին ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի, Քամալա Հարիսի և նախկին թեկնածու Ջո Բայդենի նախընտրական շտաբների կայքերը կոտրելու մեջ։ ԱՄՆ հետախուզությունն այն անվանել է ընտրությունների արդյունքի վրա ազդելու՝ Թեհրանի ջանքերի ու կիբերհանցագործության մաս:
Ինչպես գրում Է Associated Press -ը, Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ հարձակումների ետևում կանգնած է Իրանը, սակայն այժմ ԱՄՆ կառավարությունն է պաշտոնապես Իրանի վրա դրել հարձակման պատասխանատվությունը:
Հետախուզությունը նշում է, որ Իրանը «փորձել է հասանելիություն ստանալ երկու կուսակցությունների նախագահական քարոզարշավների մասնակից անձանց»․
«Այս ընտրական ցիկլի ընթացքում ականատես ենք եղել Իրանի ագրեսիվ գործողություններին, մասնավորապես, ամերիկյան հասարակության վրա ազդեցությանն ու կիբերգործողություններին, որոնք ուղղված են նախագահական արշավին», - ասվում է ՀԴԲ-ի, ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի և կիբերանվտանգության գործակալության հայտարարության մեջ:
Ըստ դաշնային պաշտոնյաների՝ հաքերային հարձակումները և նման գործողությունները կոչված են պառակտելու ամերիկյան հասարակությունը և ազդելու ընտրությունների արդյունքի վրա, որոնք Իրանը համարում է նշանակալի՝ իր ազգային անվտանգության շահերի վրա ազդելու տեսանկյունից: