Իսրայելական կողմն ընդունել է ԱՄՆ-ի նոր առաջարկը, որը նպատակ ունի նվազեցնել Գազայի հատվածում հրադադարի հարցով պաղեստինյան արմատական Համաս շարժման հետ տարաձայնությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով այցով գտնվում է Իսրայելում։
«Այսօր վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ շատ արդյունավետ հանդիպման ժամանակ նա հաստատեց, որ Իսրայելն ընդունում և աջակցում է [տարաձայնությունները] հաղթահարելու առաջարկը, և այժմ Համասը պետք է նույնն անի»,- ասել է Բլինքենը։
Պետքարտուղարը հավելել է, որ միջնորդների՝ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի օգնությամբ պետք է հանդիպեն, որպեսզի ավարտին հասցնեն փոխըմբռնման գործընթացը։ «Դեռևս կան բարդ խնդիրներ, որոնք առաջնորդներից պահանջում են կոշտ որոշումներ: Ամեն ինչ կախված է նրանցից»,- նշել է նա: