Ուկրաինայի զինված ուժերը «անվտանգության գոտի» են ստեղծում Կուրսկի օկուպացված տարածքներում։ Այնտեղ մնացած խաղաղ բնակիչների համար կբացվեն մարդասիրական միջանցքներ։ Այդ մասին ասել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ Նրա խոսքով, «անվտանգության գոտին» ստեղծվում է Ուկրաինայի սահմանամերձ շրջանները պաշտպանելու համար, առաջին հերթին՝ Սումիի մարզը։
Վերեշչուկը նշել է, որ «անվտանգության գոտում» մնացած խաղաղ ռուսների համար նախատեսվում է մարդասիրական միջանցքներ բացել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի ուղղությամբ։ Ըստ Վերեշչուկի, Ուկրաինայի իշխանությունները թեժ գիծ են ստեղծել Կուրսկի շրջանի բնակիչների համար, որոնք հումանիտար օգնության կարիք ունեն կամ ցանկանում են տարհանվել Ուկրաինա։